Ջայլամային լռություն՝ «Արմավիայի» շուրջ

«Արմավիա» ընկերությունը չի շտապում սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան։ Քանի դեռ ավիափոխադրողը դատարանի կողմից սնանկ չի ճանաչվել, այն «դե յուրե» գոյություն ունի ու պարտավոր է սպասարկել չվերթները։

Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ապրիլի 1-ից դադարեցված չվերթների համար ընկերությունը պատասխանատվության չի ենթարկվում, չեն վերադարձվում մինչ այս վաճառված տոմսերի գումարները, իսկ իրավապահ մարմիններն այս ամենում հանցավորության տարրեր չեն նկատում։

ՍիվիլՆեթի հարցին, թե պատրաստվում է արդյոք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պատասխանատվության ենթարկել «Արմավիային»՝ ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու և ուղևորների իրավունքները ոտնահարելու համար, ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը պատասխանեց, որ 2003թ. մարտի 14-ին կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների միջև ««Արմավիային» ֆինանսավորում տրամադրելու մասին» ներդրումային պայմանագրում պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթ նախատեսված չէ։

Փաստորեն կառավարությունը «Արմավիային» տրամադրում է որոշ ավիաուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք, և չի նախատեսում պատասխանատվություն ենթադրող որևէ դրույթ, օրինակ՝ այն դեպքերի համար, եթե ընկերությունը չի իրականացնում չվերթները։

«Տարօրինակ» է նաև պատկան մարմինների քար լռությունը, այն դեպքում, երբ վաճառված տոմսերի գումարը չվերադարձնելը կարող է որակվել որպես խարդախություն։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն է, ինչը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Անհասկանալի է նաև «Արմավիայի» պարտապանների անգործությունը՝ ընկերությունը սնանկ ճանաչելու ուղղությամբ։ Միակ ընկերությունը, որը դիմել է դատարան, «ՎՏԲ Հայաստան բանկն» է։ Այն դեռ փետրվարին էր դիմել դատարան՝ «Արմավիայի» դեմ ներկայացնելով $10 մլն-ի հայց։ Բանկը պահանջել էր վերադարձնել վարկային միջոցները, որոնք հատկացվել էին Sukhoi Superjet-100-ի ձեռքբերման վարկի վերաֆինանսավորմանը։

«Արմավիան» մոտ $20 մլն-ի վարկեր է վերցրել նաև հայաստանյան բանկերից, սակայն վերջիններս նախընտրում են լռել։

Մեկնաբանել