Ալմաթիում մեկնարկել են Իրան-«վեցյակ» բանակցությունները

Այսօր՝ ապրիլի 5-ին, Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել են Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) բանակցությունները, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:

Իրան-«վեցյակ» հանդիպումը Ալմաթիիում արդեն երկրորդն է: Բանակցությունների առաջին փուլը Ղազախստանում տեղի էր ունեցել փետրվարի վերջին՝ առանց շոշափելի արդյունքների:

Իրանը հայտարարել է, որ արևմտյան գործընկերները նոր առաջարկներ չեն ներկայացրել: «Վեցյակը», իր հերթին, հայտարարել էր, որ Թեհրանին առաջարկվել է դադարեցնել Ֆորդ քաղաքում գտնվող օբյեկտում ուրանի մինչև 20% հարստացումը՝ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց, ինչին իրանական կողմը չի համաձայնել: Իրանը հայտարարել էր, որ բանակցությունների այս փուլին «զգուշավոր լավատեսությամբ» է մոտենում:

Ակնկալվում է, որ բանակցություններից հետո տեղի կունենա կողմերի մամլո ասուլիսը: Բանակցությունները ամբողջովին կավարտվեն շաբաթ՝ ապրիլի 6-ին: