Գյուլը զգուշացնում է Մերձբալթյան երկրներին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պաշտոնական այցով Մերձբալթյան երկրներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամփոփել է Լատվիա և Լիտվա կատարած այցի արդյունքները, հաղորդում է թուրքական Star-ը: Վիլնյուսում Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում չափազանց դրական է գնահատել այցը` ընդգծելով, որ այդ երկրներն աջակցում են Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին: Գյուլն ասել է նաև, որ համաձայնագիր է ստորագրվել Սև ծովի վրայով դեպի Թուրքիա գնացքով բեռներ տեղախոխելու մասին:

Գյուլն անդրադարձել է նաև Մերձբալթյան երկրների և Թուրքիայի փոխհարաբերությունների վրա բացասաբար ազդող խնդիրներին` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Որոշ խորհրդարաններ 1915թ. իրադարձությունների հետ կապված որոշումներ են ընդունում ընդդեմ Թուրքիայի: Թեպետ այդ երկրի խորհրդարանում 2005թ. նման փորձ եղավ, սակայն կառավարությունները դրա դեմ վճռական հանդես եկան»,- ասել է Թուրքիայի նախագահը` ակնարկելով Լիտվային, որի խորհրդարանը 2005թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային ընդունել պատմական այդ փաստը:

Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով այդ երկրները կվնասեն Անկարայի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին: