Ջոն Քերին աշխատավարձի 5%-ը կհատկացնի բարեգործությանը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին որոշել է իր աշխատավարձի 5%-ը բարեգործական հիմնադրամի հատկացնել, հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Համաձայն հեռուստաալիքի տեղեկությունների՝ Քերին պետքարտուղարի պաշտոնում ստանում է տարեկան $183 հազ․ աշխատավարձ։ Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ պետքարտուղարը հետևել է ԱՄՆ-ի նախագահի օրինակին։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման բյուջետային միջոցների խնայողության նպատակով որոշել է իր աշխատավարձի 5%-ը վերադարձնել երկրի բյուջե։ Քերին իր հերթին կարգադրել է միջոցները փոխանցել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աշխատակիցների բարեգործական հիմնադրամին։

«Սեկվեստրի պայմաններում պետքարտուղարը մտադիր է կառավարական աշխատավարձի 5%-ի համարժեքը հատկացնել Պետդեպարտամենտի ծառայողների համար բարեգործությանը»,- հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։

ԱՄՆ-ում խնայողության միջոցառումները սկսել են գործել 2013թ․ մարտի 1-ից։ Ընդհանուր առմամբ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջ՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ծրագրվում է դաշնային բյուջեի ծախսերը կրճատել $85 մլրդ-ով։

Մեկնաբանել