Կհանձնի՞ PKK-ն զենքը Թուրքիային, թե՞ ոչ

Մարտի 21-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել քուրդ զինյալներին զինադարար հաստատել և հեռանալ Թուրքիայից: Այժմ օրակարգում է այն հարցը, թե PKK-ն, հեռանալով Թուրքիայից, զենքը կհանձնի՞ Թուրքիայի իշխանություններին, թե՞ ոչ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը միշտ պնդել է, որ PKK-ի զինյալները պետք է զենքը վայր դնելուց հետո հեռանան Թուրքիայից, սակայն քրդերը չեն ցանկանում հանձնել զենքերը: Օրերս բանտում Օջալանի հետ հանդիպումից հետո մեջլիսի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության համանախագահ Դեմիրթաշը հայտարարել է, թե Օջալանը չի ասել` զենքը հանձնենք և դրանից հետո միայն հեռացեք Թուրքիայից:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ պնդել է, որ PKK-ականները զենքերը հանձնեն, հակառակ դեպքում չի բացառել, որ մի քանի տարի անց բախումները կվերսկսվեն:

PKK-մի շարք խմբեր արդեն դուրս են եկել Թուրքիայից և հեռացել Հյուսիսային Իրաք:

Թուրքական մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ PKK-ի կենտրոնակայանի` Քանիդլի` զենքը վայր դնելու հրամանին ընդդիմանում են լեռներում գտնվող զինյալները: Ըստ Milliyet-ի` այդպիսի դիրքորոշում են որդեգրել Դերսիմի լեռներում ապաստանած մարտիկները: