Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէ. Ռուստամ Իբրահիմբեկով

Հայաստանը և Ադրբեջանը քանի դեռ մեկ պետության կազմում էին, տարածքային հավակնությունները, եթե այդպիսիք կային, ցանկության մակարդակով են եղել, և ռազմական գործողությունների բնույթ չեն կրել: Հայաստանում Լեռնային Ղարաբաղը իրենց հողն են համարել, Ադրբեջանում՝ իրենց, և դա քննարկումների, բանակցությունների ու գիտական հետազոտությունների առարկա է: Այսպիսի հայտարարություն է արել ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը ռուսական «Ռոսբալտ» գործակալությանը տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ հակամարտության ռազմական լուծումը հանցագործություն է ինչպես երկու երկրների բնակչության, այնպես էլ ամբողջ մարդկության դեմ: «1914թ. Սարաևոյում մեկ կրակոցը հանգեցրեց Առաջին աշխարհամարտին, իսկ ղարաբաղյան իրադարձությունները շատ բաներով նպաստեցին ԽՍՀՄ փլուզմանը: Դրանք նման են այն քաղցկեղին, որն ի հայտ է գալիս, երբ օրգանզիմն արդեն ախտահարված է: ԽՍՀՄ-ը երաշխիքն էր, որ հանրապետությունները ապրում են սահմաններում, որոնց շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: ԽՍՀՄ փլուզումը տխուր հետևանքների հանգեցրեց», -ասել է Իբրահիմբեկովը:

Ըստ նրա՝ ներկայում ամբողջ աշխարհը այս կամ այն չափով ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ, սակայն երկու երկրների հասարակություններն էլ դժգոհ են դրա ներկայիս ընթացքից: «Սա հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով, քանի որ խաղաղ բանակցությունները մինչ այժմ շոշափելի հաջողություններ չեն արձանագրել: Այժմ այն պահն է, երբ չափազանց կարևոր է հասարակական դիվանագիտությունը: Անհրաժեշտ է, որ փոխըմբռնում լինի հասարակ մարդկանց միջև», – նշել է կինոդրամատուրգը:

Նա համարում է, որ պաշտոնական քարոզչությունը այս կամ այն չափով միմյանց դեմ է լարում երկու ժողովուրդներին, քանի որ պետությունները, կառավարությունները միառժամանակ հետո համաձայանության են գալիս, մինչդեռ ժողովուրդների հարաբերությունների վերականգնումը չափազանց դանդաղ գործըթնաց է և կարող է տևել տասնամյակներ:

«Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէ, և տեղի ունեցած ողբերգության զոհն է նույնքան, ինչքան ադրբեջանցիները: Երկու երկրներն էլ բռնգաղթել են մարդկանց, և քանի որ սա միջպետական հակամարտություն է, նրանում շատերն են ներգրավված: Մարդկանց բանակ են զորակոչում, և իրենք պետք է կատարեն իրենց պարտքը: Ես պարտքի չկտարման կոչ չեմ անում. առավել կարևորը գրքերը չայրելն ու միմյանց հավերժ թշնամիներ չհամարելն է: Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ոչ միայն հող է, այլ բնակչություն՝ գերազանցապես հայկական: Կարծում եմ՝ մեծ սխալ է նրանց նկատամամբ թշանամանք սերմանելը: Եթե այժմ ապագայի համար մարդկային հարաբերություններ չկառուցենք հետո կորցրածը դժվար կլինի հետ բերել», -ասել է Իբրահիմբեկովը: