Երիտասարդականի գետնանցումի բոլոր գրավաճառների հարցերը լուծվել են. Կ. Արեյան

«Երիտասարդական» մետրոյի հարակից գետնանցումի գրավաճառների հարցերը լուծվել են, և հիմա նրանք տարբեր տեղերում շարունակում են ծավալել իրենց գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` անդրադառնալով «Երիտասարդական» մետրոյի հարակից գետնանցումի գրավաճառների տեղահանման խնդրին:

Ինչ վերաբերում է «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կրպակների շինարարությանը, ապա փոխքաղաքապետը նշեց, որ տնօրինությունը կատարել է որևէ մեկի հետ չհամաձայնեցված աշխատանք, ինչի պատճառով արագ տրվել է ապամոնտաժման հանձնարարական, և տնօրենը ենթարկվել է վարչական տույժի:

Խոսելով միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու խնդրի մասին՝ Արեյանը նշեց, որ 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ 357 միավորով ավելացել է ավտոբուսների քանակը:

Արեյանը խոսեց նաև քաղաքապետարանի կողմից նախաձեռնած «Հին Երևան» ծրագրի մասին և հիշեցրեց, որ այն կընդգրկի Բյուզանդ-Արամ-Կողբացի փողոցների պարփակված հատվածը և այդտեղ կլինի պատմամշակութային հին միջավայր, հասարակական շենքերի միջավայր և չեն լինի բնակելի շենքեր:

Անդրադառնալով օրերս քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամների` Փակ շուկայի վերաբերյալ տարածած հաղորդագրությանը, թե քաղաքապետարանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի Փակ շուկայի սեփականատիրոջը և դրան ի պատասխան նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հայտարարությանը, որ ոչ թե սեփականատիրոջը պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, այլ քաղաքային իշխանություններին, որոնք համաձայնել են Փակ շուկան սեփականացնել՝ նշեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար տրվել է շինթույլտվություն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որից հետո այդ աշխատանքների շրջանակից դուրս գալով` կառուցապատողը երկու անգամ ենթարկվել է քաղաքապետի կողմից վարչական տույժի, և ներկայում մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը պետք է տա եզրակացություն՝ հետագա աշխատանքները շարունակելու վերաբերյալ:

Մեկնաբանել