Ս. Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ունենալով տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը: Անցյալ տարի Հայաստանում հանդիսավորությամբ նշված ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյակը, Սերժ Սարգսյանի խոսքով, հնարավորություն ընձեռեց գնահատելու և ի մի բերելու անցած երկու տասնամյակում մեր երկրում գրասենյակի կատարած զգալի աշխատանքը, ինչը թույլ է տալիս վստահորեն ասել, որ այդ տարիներին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը միշտ եղել է ՀՀ կառավարության ամենագործուն աջակիցն ու գործընկերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա տարիներին Հայաստանի առաջնահերթություններին և ծրագրերին: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն ուրախությամբ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի նշած առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ՄԱԿ-ի նպատակներին ու առաջնահերթություններին՝ այդպիսով ավելի արդյունավետ և սերտ դարձնելով համագործակցությունը: Բրեդլի Բուսետտոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` առավել ամրապնդելու Հայաստան-ՄԱԿ փոխգործակցությունը և նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

Մեկնաբանել