Zara-ն մեղադրվում է գործարաններում ստրկական աշխատանքային պայմաններ ստեղծելու մեջ

Zara աշխարհահռչակ իսպանական բրենդը մեղադրվել է իր արգենտինական գործարաններում «մարդու արժանապատվությունը վիրավորող» աշխատանքային պայմանների համար, ասված է La Alameda իրավապաշտպան կազմակերպության կայքում:

Հետաքննությունն անցկացրել է Արգենտինայի առողջության և անվտանգության վերահսկողության ծառայությունը՝ La Alameda-ի ներկայացրած հայտով: Արդյունքում պարզվել է, որ Zara ապրանքանիշով հագուստ արտադրող երեք գործարանում աշխատավորների, հիմնականում՝ բոլիվիացի միգրանտների համար, ստեղծվել են աշխատանքի ստրկական պայմաններ:

Բոլոր աշխատավորները, այդ թվում՝ երեխաներ, աշխատել են օրական 15-16 ժամ: Բացի այդ՝ նրանց արգելվել է առանց թույլտվության լքել ձեռնարկությունների տարածքը:

«Նրանք որևէ տեղ գրանցված չէին, ապրում էին հենց գործարանի տարածքում սարսափելի պայմաններում՝ կանայք և տղամարդիկ միասին: Նրանք չունեին փաստաթղթեր և ձեռնարկություններում պահվում էին բռնի ուժով», – ասել է արգենտինական իշխանությունների ներկայացուցիչ Խուան Գոմես Ցենտուրիոնը:

Մինչդեռ, Telegraph-ի հաղորդմամբ, Zara-ն հայտարարել է, որ «նման կտրուկ պնդումները զարմանալի են և հիմնված սահմանափակ տեղեկատվության վրա»: Վերջին երկու տարում արգենտինական 60 գործարանում անցկացվել է 300 աուդիտորական ստուգում: Ընկերությունը հայտնել է La Alameda-ի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ իրավապաշտպանների «հայտարարությունների բնույթը հասկանալու համար»: Zara-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք որևէ բողոք մինչև այսօր չեն ստացել:

Zara առևտրային ցանցը մտնում է Inditex ընկերությունների խմբի մեջ, որը պատկանում է Forbes-ի միլիարդատերերի ցանկում երրորդ տեղը զբաղեցնող Ամանսիո Օրտեգային: Zara-ն ունի ավելի քան մեկուկես հազար ֆիրմային խանութ աշխարհով մեկ:

Մեկնաբանել