Արարատի և Մասիսի համալիր սոցծառայությունների կենտրոննները հանձնվել են շահագործման

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին:

Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:

Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Համակարգը ներդնելու համար փորձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Դրա շրջանակում արդեն իսկ գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որտեղ ևս այցելել է վարչապետ Սարգսյանը՝ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, այտեղ այցելող բնակիչների խնդիրներին:

Իրականացվել է նաև Արարատի մարզի վերոնշյալ կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստում:

Մինչև ընթացիկ տարվա մայիսի 20-ը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 16 կենտրոնների վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտվելուց հետո, դրանք ևս կընդգրկվեն վերոնշյալ փորձնական ծրագրում: Իսկ այդ կենտրոնների շուրջ 350 աշխատողների վերապատրաստման դասընթացները կսկսվեն ապրիլի 8-ից:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները, իսկ սոցիալական այլ ծառայությունների մատուցման և սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները` համայնքային սոցիալական աշխատողների միջոցով: