Երևանի տարբեր ոլորտների 29 աշխատակցուհի պարգևատրվել է քաղաքապետի պատվոգրով

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, նաև ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով ներկաներին` Տարոն Մարգարյանը, ընդգծելով կանանց դերն ու զգալի ավանդը հասարակական կյանքում, շնորհակալություն է հայտնել նրանց հարազատ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

«Այս հրաշալի տոնի նախօրեն ևս մեկ առիթ է, որ ասենք՝ շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք կաք, որ մեր կողքին եք ու որ օգնում և օժանդակում եք մեզ՝ տղամարդկանց, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում: Համոզված եմ, որ ինչպես եղել է մինչև հիմա, այսուհետ նույնպես շարունակելու եք նվիրումով ձեր ավանդը բերել մեր սրտի մայրաքաղաքի բարօրությանը՝ վաղն այն ավելի լավը տեսնելու ձեր անսասան հավատով»,- մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին` նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում նշված ոլորտների 29 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

Ընդունելության ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և գնահատանքի համար ու վստահեցրել, որ, քաղաքապետի կողմից մշտական ուշադրությունն ու հոգածությունը նաև պարտավորեցնում է: