ԿԺԴՀ-ն արևելյան ափին տեղակայել է երկրորդ բալիստիկ հրթիռը

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) միջին հեռահարության երկրորդ «Մուսուդան» բալիստիկ հրթիռն է տեղակայել երկրի արևելյան ափին, հաղորդել են Հարավային Կորեայի աղբյուրները։ Համարվում է, որ «Մուսուդան» տեսակի հրթիռների թռիչքի հեռահարությունը 3-4 հազ․ կմ է, և այն տեսականորեն կարող է հասնել ոչ միայն Ճապոնիային, այլև ամերիկյան Գուամին, հաղորդում է Euronews-ը։

Սեուլում մտավախություն ունեն, որ հրթիռների արձակումը կարող է իրականացվել ցանկացած պահի։ Չինաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխել Հյուսիսային Կորեային սահմանամերձ տարածքներ։ Տոկիոն միակողմանիորեն երկու տարով երկարացրել է Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները։

Ի պատասխան ԿԺԴՀ-ի՝ իր արևելյան ափին հրթիռային սարքավորումների տեղակայման՝ Հարավային Կորեան ծով է դուրս բերել երկու հրթիռային էսկադրոնային ականակիր՝ հագեցած հակահրթիռային պաշտպանության համակարգերով։

Կապված Կորեական թերակղզում իրադրության սրման հետ՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Փհենյանում օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին առաջարկել են դիտարկել երկրից իրենց աշխատակիցներին տարհանելու հարցը։

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում լարվածությունը սրվեց Փհենյանի՝ այս տարվա փետրվարին իրականացրած հերթական միջուկային փորձարկումից և ԱՄՆ-ի ու հարավկորեացիների համատեղ զորավարժությունների շրջանակում հյուսիսկորեական սահմանի մերձակայքում ամերիկյան ռմբակոծիչների ցուցադրական թռիչքներից հետո։