Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի կենտրոնատեղիում երեկ` ապրիլի 4-ին, Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվել է ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ դեսպանը նշել է, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ընդունված բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարության վերականգնման, հատուցման և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և ընդգծելով կրթության, ներառյալ՝ մարդու իրավունքների բնագավառում կրթական ծրագրերի կարևորությունը կանխարգելման հարցում:

Կարեն Նազարյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը շարունակելու է իր հետևողական քայլերը, և թուրքական կառավարությունը, չնայած իր կողմից որդեգրած մերժողականությանը, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, ինչպես նաև այն թուրք մտավորականների, ուսանողների ու քաղաքացիների կեցվածքը, որոնք գիտակցում են ճանաչման ու դրա միջոցով այդ հանցագործության կանխարգելման կարևորությունը՝ սատար կանգնելով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարին:

Օրվա բանախոսները, որոնց շարքում էին գիտնականներ, դասախոսներ և արվեստագետներ, ներկայացրել են իրենց ուսումնասիրություններն ու շեշտել նմանօրինակ միջոցառումների անցակցման կարևորությունը ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով:

Միջոցառմանը նաև ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի՝ Խարբերդի ջարդերին անդրադարձող «Ձայներ լճից» վավերագրական կինոնկարը, որը ներկայացրել է հայտնի կինոռեժիսոր, մեկնաբան Կառլա Կարապետյանը:

Հանդիպման կազմակերպիչների կողմից պարգևներ ու շնորհակալագրեր են հանձնվել ուսանողներին, որոնք հաղթող էին ճանաչվել ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթում: