Կարևորը ճիշտ խնդիր դնելն է. Մանվել Սարգսյան

Քաղաքացիական շարժման համար կարևոր է ճիշտ խնդիր դնելը և հետո այն լուծելը: Այսօր ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ցանկություն կա` ժողովուրդը դուրս գա և մի խնդիր լուծի, ապա այնպիսի մի խնդիր պետք է դրվի, որ ամբողջ ժողովրդին դուրս հանի:

«Ոչ մի ժողովուրդ դուրս չի գա 100 տոկոսով բողոքարկի ընտրությունների արդյունքները կամ ինչ-որ մարդու տանի իշխանության, բայց ամբողջ ժողովուրդը դուրս կգա դիկտատոր տապալի, դուրս կգա անօրինական քրեական կուսակցություն հեռացնելու համար»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ խնդրից է կախված, թե ինչքան մարդ դուրս կգա:

Սարգսյանի խոսքով՝ քաղաքացիական շարժումներն ընդհանրապես դուրսընտրական պրոցեսներից են սկսվում, և այն մարդիկ են սկսում, որոնք դա հասկանում են, որն իրենք են կազմակերպում: Փորձագետի կարծիքով՝ այդ է պատճառը, որ մինչ օրս Հայաստանում չի հաջողվել ստեղծել իսկական շարժում:

«Հաճախ շատ է խոսվում, որ ժողովուրդը պետք է ինչ-որ մակարդակ ունենա, քաղաքացիական գիտակցություն. ո´չ՝ մեզ պետք է մի կեղծ համոզմունք հաղթահարել, որ անողը մենք ենք և ոչ թե պետք է անեն»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ապրիլի 9-ը լինելու է Նոր Հայաստանի սկիզբը և արդյոք ապրիլին 9-ին կլինի մի գործընթաց, որը հետո շարունակություն կունենա՝ Սարգսյանը նշեց, որ այդ հարցը շատ կարևոր է, քանի որ հասարակությունը ցանկանում է հասկանալ, թե այդ միջոցառումը ինչ-որ սկի՞զբ է, թե՞ հանրագումարային է:

«Հետընտրական պրոցեսներն այս անգամ ուրիշ ուղիով են գնացել, մենք սովորել են 1996-ից այս կողմ հետընտրական վիճակին՝ ճառեր իշխանությունների դեմ, անպայման կանգնած ինչ-որ հոծ զանգված, իսկ այս անգամ այդպես չեղավ, ավելի մեղմ զրույցներ եղան, և հրապարակը շփվելու մի տարածք էր, ֆորում»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ հիմա եկել է մի ժամանակ, երբ հանրությունն ինքը պետք է խոսի և գտնի ճանապարհը: Նա նաև նշեց, որ 1996թ. մինչ օրս հայ ժողովուրդը բազմիցս այդ ցիկլն անցել է, երբ ընտրությունները կեղծվում են, իսկ մինչ այդ կուսակցությունները համոզում են մարդկանց, որ այս անգամ ամեն ինչ ստացվելու է, եթե ակտիվ լինեն` կեղծիքներ չեն լինելու: Ուստի, փորձագետի կարծիքով, բնական է, որ ընտրությունները կեղծվում են ամենադաժան ձևերով, դրանից հետո հայտարարվում է, որ ռեժիմը հանցավոր է, մարդկանց հրավիրում են հրապարակ և սկսվում են հետընտրական արդեն հայտնի պրոցեսները:

«Մինչև Հայաստանի քաղաքական կյանքը դուրս չգա այս ցիկլից, Հայաստանում ոչ մի բան չի փոխվելու»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ երկրում ամենաէական խնդիրն ընտրական մեխանիզմն արմատավորելն է, և եթե այդ խնդիրը դնում են, ապա հասկանում են, որ դա որևէ կուսակցության խնդիր չէ, այլ համաժողովրդական, քաղաքացիական շարժումների միջոցով լուծելու խնդիր է:

Խոսելով 1988թ. Արցախյան շարժման և այս օրերին Ազատության հրապարակում ընթացող շարժման տարբերությունների մասին՝ Սարգսյանը նշեց, որ կա երկու հիմնական տարբերություն, առաջինը` 1988թ. խաղի կանոնները թելադրում էր ժողովուրդը, իսկ երկրորդը` չկար այս շրջանին բնորոշ բազմակուսակցական համակարգը, այսինքն` չի եղել մի ինստիտուտ, որն այսօր ժողովրդական շարժումների ամենաէական խոչընդոտն է:

Մեկնաբանել