23 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ` Երևանում

2013թ. Երևանում կիրականացվեն 23 մլն դրամի բարեկարգման, շինարարության և վերանորոգման աշխատանքներ: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը` ներկայացնելով 2013թ. համայնքային բյուջեով մայրաքաղաքում նախատեսված ծրագրերը, որոնցում ամենամեծ բաղադրիչը, ըստ նրա, բաժին է ընկել գլխավոր ու երկրորդական ճանապարհների, բակերի ու պուրակների բարեկարգմանը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվելու են 2,5 մլն քմ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ: Ըստ այդմ, կհիմնանորոգվի 30 փողոց՝ ներառյալ մայթերի բարեկարգումն ու եզրաքարերի փոխարինումը: Զուգահեռաբար ընթացիկ նորոգման կենթարկվի 300 փողոց: Այս, ինչպես նաև բակերի ասֆալտապատման ծրագիրը՝ 500 հազ. քմ ծավալով, արդեն մեկնարկել է: Ասֆալտբետոնե ծածկով կփոխարինվի հողային պաստառով 25 ճանապարհահատված:
Այս տարի մայրաքաղաքում կավելանա ևս 2 խոշոր ճանապարհաշինական հանգույց` Իսակովի պողոտայից Լենինգրադյան փողոց, և Ուլնեցի փողոցից Ռուբինյանց փողոց ուղղություններով:

Այս տարի Երևանը կունենա ևս 8 վերգետնյա անցում: Մայրաքաղաքում կարևորագույն սոցիալական խնդիր է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելը: Գույքագրված 10 շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը ներառված է կառավարության միջնաժամկետ ծրագրում: Դրանցից երկուսն, ի դեպ, ընդհանուր թվով 226 բնակարանով, այս տարի շահագործման կհանձնվեն քաղաքապետարանի ծրագրերով` Մարգարյան 37 և Սիսակյան 22 հասցեներում:

Մեկնարկել են Ազնավուրի և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից հրապարակների սալիկապատման աշխատանքները: Կյանքի կկոչվեն նաև մայթերի բարեկարգման 2 տարբեր ծրագրեր: Ի լրումն նախորդ տարվա ծրագրի, վարչական շրջաններում կարգի կբերվեն 18 խոշոր հենապատեր: Կամո Արեյան հատկանշել է, որ այս տարի ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական ծրագրերում հաշվի կառնվեն հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիների պահանջները: Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 մլն դրամ է հատկացվել շուրջ 200 թեքահարթակների կառուցման համար:

Միջոցներ են հատկացվել նաև 40 շենքերի կախովի պատշգամբների նորոգման, շքամուտքերի բարեկարգման, ինչպես նաև շենքերի ներկման ու կարգաբարեկարգման ծրագիրը: Իսկ կամարանցումների նորոգման ու նկարազարդման գործընթացը արդեն մեկնարկել է:

Կամո Արեյանը հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի վճռական դիրքորոշումը ոռոգման ցացերի և կանաչապատ տարածքների ավելացման վերաբերյալ: Այս տարի մայրաքաղաքում ոռոգման ցանցը կերկարի ևս 20 կմ: 1,5 հա-ով կավելանան ծաղկապատ տարածքները, 12 հա-ով` սիզամարգերը: Զուգահեռաբար կշարունակվի «Փարոս» ռեստորանի հարակից բլրի ոռոգման ցանցի ձևավորումը: Այդ ուղղությամ աշխատանքներն արդեն ավարտված են Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքում: Քաղաքապետի տեղակալի հավաստմամբ, գրեթե միաժամանակ, երկու հատվածներում էլ կմեկնարկի անտառաշերտի վերականգնման ծրագիրը: Մայրաքաղաք են ներկրվել շուրջ 5000 գնդաձև ակացիաներ, որոնք, քաղաքային տնկարանում աճեցված այլ դեկորատիվ ծառերի հետ միասին, մայրաքաղաքի փողոցներում ու բակերում կտնկվեն առաջիկա ծառատունկի ժամանակ:

Կամո Արեյանը հատուկ անդրադարձել է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրին, նշելով, որ այն մշտապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում է և 2013թ. կիրականացվի ավելի մեծ ծավալներով: Մայրաքաղաքում կբարեկարգվի և նոր տեսք կստանա հանգստի ևս 5 խոշոր գոտի, անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով ու ենթակառուցվածքներով: Մինչև օգոստոսի 1-ը մայրաքաղաքում կավարտվի թվով 27 մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը: Համայնքային բյուջեի միջոցներով ավարտին կհասցվի նաև 16 գրադարանների, 6 երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և 2 թանգարանների ջեռուցման ծրագիրը: Այսպիսով, քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատություններում նույնպես ջեռուցման խնդիրն ի սպառ կվերանա: Հուրախություն պատանի երևանցիների՝ մինի ֆուտբոլի դաշտերի թիվն էլ այս տարի Երևանում կավելանա ևս 18-ով: Ամփոփելով, Կամո Արեյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խնդիր է դրված քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշները:

Մեկնաբանել