Նախատեսվում է «Արի» ծրագիրը տարածել Արցախի բոլոր շրջաններում

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկայացրել է մանրամասներ Լիբանան, Կիպրոս, Շվեյցարիա և Ֆրանսիա` վերջերս կատարած այցելություններից, որոնք հիմնականում Արցախում ներդրումային դաշտի ընդլայնման նպատակ էին հետապնդում. այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անդրադառնալով Բեյրութում և հայաշատ մյուս բնակավայրերում գործարարների և բարերաների հետ ունեցած հանդիպումներին, վարչապետը նշել է, որ մտադրություն կա «Արի» ծրագիրը տարածել Արցախի բոլոր շրջաններում, ավելի շատ մարդկանց ընդգրկել, միկրովարկեր տրամադրելով` աջակցել նրանց սեփական տնտեսություն ստեղծելու գործում: Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրի շրջանակներում մշակվել է նոր նախագիծ` Բերձոր քաղաքի մերձակայքում բնակելի թաղամաս հիմնելու կապակցությամբ: Այդ նպատակով արդեն մոտ 2,5 մլն դոլար գումար է հավաքագրվել:

Վարչապետն այսօր լրագրողներին պատմել է Ֆրանսիայում, Կիպրոսում և Շվեյցարիայում հայ և օտարազգի գործիչների, տարբեր պաշտոնյաների, բանկային աշխատողների հետ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստացած տպավորությունների մասին:

Լրագրողներին հետաքրքրող` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ հարցին ի պատասխան, վարչապետը ասել է, որ խնդիրը քաղաքական հարթությունից պետք է տեղափոխել մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգ հաղորդակցության ապահովման ոլորտ, և խնդրին լուծում տալ` թռիչքներ իրականացնելով:

«Վարվող քաղաքականությունը պետք է նպաստի ներգաղթին»,- նշել է Հարությունյանը` պատասխանելով արտագաղթի մասին հարցին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը անդրադարձել է հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի` ուղղված նախադպրոցական հիմնարկների վիճակի բարելավմանը, գործազրկության կրճատմանը, հիպոթեքային վարկավորմանը և այլն: Վարչապետը պարզաբանումներ է տվել հարկային ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ:

Լրագրողներին հետաքրքրում էր վարչապետի` ՀՀ տեղափոխվելու մասին վերջերս ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի հավաստիությունը, ինչին արձագանքելով` Հարությունյանը նշել է, որ ինքը մտադիր չէ հեռանալ Արցախից` անկախ զբաղեցրած պաշտոնից: Վարչապետի խոսքով` առաջիկայում իր պաշտոնավարման հետ կապված ոչ մի փոփոխություն չի նախատեսվում, կառավարությունը կարողանում է և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները: