Կընկնենք մեկ-մեկ, բայց չենք ծնկի. Ր. Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց, որ ապրիլի 9-ը համազգային տոն է լինելու:

«Պայքարն այսօր է, ուրիշ օր չկա: Կընկնենք մեկ-մեկ, բայց չենք ծնկի»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ապրիլի 9-ին «նոր Հայաստանի երդմնակալության արարողությունից» հետո բոլորը պետք է շնորհավորեն միմյանց:

Միաժամանակ` նա ապրիլի 9-ը հայտարարեց գործադուլի և դասադուլի օր` նշելով, որ այդ օրը տոն է, և Ազատության հրապարակում տոնական ելույթով հանդես կգան «Վերածնունդ» ազգագրական համույթը և «Վան» երգի ու պարի խումբը: «Ժառանգության» ղեկավարն ընդգծեց, որ այդ օրը հանդես կգա ծրագրային ելույթով:

«Ապրիլի 9-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակից կամ Հանրապետության հրապարակից միասին քայլելու ենք և գնալու` վերադարձնելու իշխանությունը ժողովրդին»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նաև մի քանի զգուշացմամբ հանդես եկավ, կոչ արեց զինվորներին թողնել սահմանի վրա ծառայելու և նշեց, որ ով այդ օրը գա Ազատության հրապարակ, ապա կանգնելու է ժողովրդի կողքին: Նա հավելեց, որ եթե մինչև ապրիլի 9-ը որևէ մեկն ասելիք ունի, ապա իրենք կլսեն, կգնահատեն ցանկացած քայլ դեպի ժողովուրդ:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլի 9-ը կլինի լռության ուխտ: