Պետական պարգևներ են հանձնվել Արցախի ազատամարտի մի խումբ վետերանների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շահումյանի շրջան և մասնակցել Քարվաճառի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը. տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար պետական պարգևներ է հանձնել Արցախի ազատամարտի մի խումբ վետերանների, պաշտպանության բանակի զինծառայողների և շրջանի բնակիչների:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Քարվաճառի ազատագրումը մեծ տոն է ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլև համայն հայության կյանքում, որը ունեցավ ռազմական, քաղաքական եւ հոգեբանական առանցքային նշանակություն մեր ժողովրդի և հայոց անկախ պետականության համար: Նախագահն ընդգծել է, որ դժվար է գերագնահատել Շահումյանի շրջանի ռազմաքաղաքական նշանակությունը` հավելելով, որ այն հանդիսանում է մեր անվտանգության հիմնարար բաղադրամասերից մեկը, որն ապահովում է արցախցիների ռազմական, տնտեսական, ջրային անվտանգությունը: Բակո Սահակյանը Շահումյանի շրջանի զարգացումը որակել է որպես պետության առջև ծառացած ամենակարեւոր առաջադրաքներից մեկը` նշելով, որ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես եղել են և կմնան իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ Ազգային ժողովի և կառավարության անդամներ, Հայաստանից ժամանած հյուրեր:

Մեկնաբանել