Հ.Բագրատյանի օրինագիծը՝ հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրացվածների մասին

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր Facebook-ի էջում գրել է, որ ավարտել և ԱԺ քննարկմանն է ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրացված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը: Ներկայացնելով այն նաև իր էջում՝ Բագրատյանը նշել է, որ նախագիծը քննարկման փուլում է: «Խնդրեմ, եթե ունեք առաջարկություններ՝ արեք։ Ստորև ներկայացնում եմ նաև հակիրճ հիմնավորումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայումս աշխարհում լուրջ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ: Վերջին տարիներում աշխարհի տարբեր երկրներ ստվերային տնտեսությունը օրինականցնում են իրենց տարածքում` ստեղծելով օֆշորային գոտիներ:

Օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թեր զարգացած այլ նաև զարգացած երկրները:

Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից` պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում: Բոլոր դեպքերում օֆշորային գոտի նշանակում է հարկային արտոնություն:

Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքաարդյունաբերական ձեռնարկություննեպի օրինակը ևս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական և թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին:

Այս ամենի արդյունքում է, որ դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն և 400-450 մլդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար:

Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սև փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի»,- գրել է Բագրատյանը: