Խիստ նկատողություն է ստացել 13 ոստիկան, նրանցից 5-ն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Հանդիպումը հաջորդել է ոստիկանության պետի հանձնարարությամբ ճանապարհապարեկային ծառայության կողմից անցկացված հերթական ստուգումներին: ՃՈ աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար, Սաշա Աֆյանն անդրադարձել է հայտնաբերված թերություններին և նշել, որ դեռ կան աշխատակիցներ, որ ծառայական պարտականությունները կատարում են թերի, չեն հետևում քաղաքացիների հետ շփման գրված ու չգրված կանոններին:

Ոստիկանության պետի տեղակալի հրամանով խիստ նկատողություն է ստացել ՃՈ 13 աշխատակից, ոստիկանության պետի հրամանով` նրանցից հինգը ազատվել են աշխատանքից ու վերցվել կադրերի ռեզերվ:

Այս կարգապահական տույժերն ինքնանպատակ չեն. կան աշխատակիցներ, որ տույժերից հետևություն են արել, ուղղվել:

Ոստիկանության պետի տեղակալը մեկ անգամ էլ հիշեցրել է, որ չի կարելի շեղվել պարեկային երթուղուց` առանց ստորաբաժանման ղեկավարի թույլտվության, չի կարելի սպասել, որ կանգնեցված մեքենայի վարորդը մոտենա, այլ ճանապարհային ոստիկանը պետք է ներկայանա վարորդին, քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինել բարեկիրթ, զսպված ու համբերատար:

Սաշա Աֆյանը հանձնարարել է ՃՈ ղեկավարությանը` լինել ավելի հետևողական, ծառայությունը կազմակերպեն հնարավորինս արդյունավետ, իրականացնեն պատշաճ հսկողություն աշխատակիցների նկատմամբ: