Եթե վերջին մի քանի տարիներին հղիներն ու մինչև 7 տարեկան երեխաները անվճար բուժօգնություն կարող էին ստանալ Հայաստանի ցանկացած հիվանդանոցում, ապա մոտ մեկ ամսից այդ հնարավորությունը սահմանափակվում է. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանն է:
Առողջապահության նախարարի հրամանով, որը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, Երևանում բնակվող հղիներին ու երեխաներին կսպասարկեն մայրաքաղաքի հիվանդանոցները, իսկ մարզերում բնակվողները անվճար բուժում կարող են ստանալ միայն իրենց մարզում գտնվող հիվանդանոցներում:
Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ այս որոշման նպատակը մարզային բուժկենտրոնների զարգացումն ապահովելն է:
Նրա համոզմամբ, դա չի սահմանափակում ընտրության հնարավորությունը. «Չէ՞ որ այդ նույն մարզի տարածքում հնարավորություն ունի մեկ այլ ծննդատուն գնալու: Մրցակցային դաշտը մարզային կտրվածքով մնալու է»:
Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի հիվանդանոցները ավելի հագեցված են թե՛ տեխնիկապես, թե՛ որակյալ մասնագետների առումով, և վերջին տարիներին հատկապես Երևանին մոտ գտնվող մարզի բնակիչները ընտրում էին երևանյան հիվանդանոցները:
Դիտարկմանը, թե արդյոք ժամանակավրեպ չէ այս հրամանը` հաշվի առնելով, որ մարզային հիվանդանոցները համապատասխան որակ ապահովելու համար պայմաններ չունեն, Կարինե Սարիբեկյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր մարզում կան մեկ կամ երկու լավ վերանորոգված, շատ լավ հագեցված պայմաններով բժշկական հաստատություններ»:
Եթե, այնուամենայնիվ, մարզում բնակվող կինը ցանկանա Երևանում ծննադաբերել, ապա պետք է վճարի Դ107 հազ.՝ այնքան, ինչքան պետությունն է վճարում 1 ծննդաբերության համար: Երեխայի բուժման դեպքում կգործեն տվյալ բուժհաստատության վճարովի ծառայությունների գները:
Կարինե Սարիբեկյանի պնդմամբ, վերջին տարիներին Երևանի հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, ինչը կարող է ազդել սպասարկման որակի վրա: Մինչդեռ մարզային բուժկենտրոնները, քիչ հիվանդներ ունենալով, չեն զարգանում, համապատասխան ֆինանսավորում չեն ստանում, իսկ հիվանդների հետ չաշխատող բժիշկները մասնագիտական որակ են կորցնում: Այս հրամանը, նրա խոսքով, ուղղված է նաև այդ խնդիրների լուծմանը:
Նշենք նաև, որ մայիսի 1-ից հաշվի կառնեն ոչ թե գրանցումը, այլ փաստացի բնակության վայրը. եթե մարզի բնակիչը, օրինակ, վարձով ապրում է Երևանում, ապա ժամանակին տարածքային պոլիկլինիկա դիմելով կամ համատիրությունից փաստաթուղթ ստանալով, կարող է անվճար սպասարկվել մայրաքաղաքի հիվանդանոցներում: Իսկ բարդ դեպքերը կուղեգրվեն Երևանի հիվանդանոցներ, որտեղ բուժումը կտրամադրվի անվճար:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը համոզված է, որ մարզային հիվանդանոցներին զարգանալու հավասար հնարավորություններ է հարկավոր ընձեռել և ազատ մրցակցային դաշտ ապահովել` չսահմանափակելով կանանց և երեխաների ազատ ընտրության իրավունքը:
«Պետք է ստեղծել հավասար պայմաններ և թույլ տալ մարդուն, որ ինքն ընտրի: Դա կբարձրացնի նաև մրցունակությունը. մարզերը կփորձեն ավելի լավ, բարձր որակի ծառայություններ տրամադրել, որպեսզի իրենց մարզի բնակիչները իրենց մոտ մնան և չգնան Երևան», – ասել է Հայրապետյանը: