Հանգստյան օրերին տաք կլինի, հետո՝ մի փոքր կցրտի

Հայաստանի Հանրապետությունում այս գիշեր առատ տեղումներն ամենուրեք կդադարեն, առանձին մարզերում վաղը դեռ կպահպանվեն տեղումները, հավանականությունը մեծ է հատկապես հյուսիսային և արևմտյան շրջաններում, կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ. տեղեկանում ենք Meteo-tv-ից: Հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ: Օրվա երկրորդ կեսին անձրևներն ամենուրեք կդադարեն:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Զգալի կտաքանա նաև հանգստյան օրերին, սակայն եկող շաբաթվա կեսին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի որոշակի նվազում:

Երևանում այս գիշեր և վաղը կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա: Գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25, երեկոյան՝ +15+17:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: