Գործազրկությունը նվազում է աշխատատեղերի հետ միասին

Անցած տարի գործազրկության մակարդակի 1,1-տոկոսային կետով նվազումը և զբաղվածության մակարդակի 0,5-տոկոսային կետով ավելացումը արդյունք է ոչ թե 7,2% տնտեսական աճի, այլ արտագաղթի։ 2012թ. Հայաստանի աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 25,8 հազ-ով, ընդ որում՝ 23,7 հազ-ը՝ քաղաքներում։

Հայաստանում տեղի է ունենում աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության ու զբաղվածների թվի կրճատում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ Հայաստանի աշխատանքային ռեսուրսներն անցած տարի կազմել են 2,26 մլն (կրճատվել են 25,8 հազ-ով), տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 2011թ. համեմատ նվազել է 22,6 հազ-ով, զբաղվածներինը՝ 2,3 հազ-ով։

Այս ամենը հուշում է, որ պետք է արձանագրվեր գործազուրկների թվի աճ, այնինչ ԱՎԾ-ն արձանագրել է գործազուրկների թվի կրճատում՝ 20,2 հազ-ով։ Եթե հաշվի առնենք, որ տեղի է ունեցել տնտեսապես ոչ ակտիվ բնակչության նվազում 3 հազ-ով, ապա անհասկանալի է, թե ինչպես է զբաղվածների թվի կրճատման պայմաններում նվազել նաև գործազուրկների թիվը։

Պատասխանը արտագաղթն է։ Անցած տարի Հայաստան ժամանածների և երկրից մեկնածների հաշվեկշիռը բացասական է եղել՝ 44,8 հազ-ով։ Այսինքն՝ այդքան մարդ լքել է Հայաստանը։

Արտագաղթը ԱՎԾ-ին հնարավորություն է տվել արձանագրել նաև գործազրկության մակարդակի 1,1-տոկոսային կետով նվազում՝ մինչև 17,3%, ու զբաղվածության մակարդակի աճ՝ 0,5-տոկոսային կետով՝ մինչև 51,9%։ Նման ցուցանիշներ ապահովել է աշխատանքային ռեսուրսների կրճատումը։ Ըստ ԱՎԾ-ում կիրառվող մեթոդաբանության՝ գործազրկության, ինչպես նաև զբաղվածության մակարդակը որոշվում է գործազուրկների և զբաղվածների թիվը հարաբերելով աշխատանքային ռեսուրսների վրա։

Ուշագրավ է, որ վերջին երեք տարիներին՝ 2010-2012 թթ., Հայաստանի աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 136,5 հազ-ով, ընդ որում՝ սա, ըստ ԱՎԾ-ի, տեղի է ունեցել տնտեսապես ոչ ակտիվ բնակչության հաշվին։ Տնտեսապես ակտիվ բնակչության թիվն այս տարիներին մնացել է անփոփոխ։

Համաձայն ԱՎԾ-ի սահմանման՝ տնտեսապես ոչ ակտիվ են համարվում աշխատունակ տարիքի այն անձինք, որոնք հետազոտվող ժամանակաշրջանում չեն աշխատել և աշխատանք չեն փնտրել՝ չեն եղել զբաղված։ Տնտեսապես ոչ ակտիվների թվին են պատկանում նաև ուսանողները, տնային տնտեսությունում զբաղվածները։

Ստացվում է, որ վերջին երեք տարիներին Հայաստանը հիմնականում լքել են երիտասարդ կադրերը։ Նման միտումների պահպանման դեպքում միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը կկանգնի ոչ միայն կադրային խնդրի առջև, այլև կխաթարվի սերնդափոխության շղթան։