Պալատին ճշմարտախոսներ են պետք

Հնում թագավորները պալատներում ծաղրածուներ էին պահում, որոնք ասում էին ամբողջ ճշմարտությունը՝ իրենց հատուկ լեզվով: Դերը, մեր օրերում, ծաղրանկարիչներին է վերապահված։

Ապրիլի 1-ին՝ հումորի միջազգային օրը, Նկարիչների միությունում մեկնարկեց «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում են ծաղրանկարիչներ, նկարազարդողներ ու գծանկարիչներ՝ ներկայացնելով իրենց երգիծանկարները, կոմիքսները, ստրիպները, շարժերը։

Փառատոնը կազմակերպել են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն եզրափակում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները։ Փառատոնին մասնակցում են նկարիչներ Ալբանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Իրանից, Թուքիայից, Լիբանանից, Հնդկաստանից և Եվրոպայից։

Ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը վստահ է, որ հումորը պետք է սուր լինի, բայց շատ բարի: Քաղաքական ծաղրանկարով նա զբաղվել սկսել է անցյալ դարի 90-ականներից, երբ մամուլը հարաբերական ազատություն էր ստացել: «Սկզբում մենք շատ ոգևորված էինք, ինչ ուզում՝ նկարում էինք, տպում էին: Բայց հետո զգացի, թե ինչի կարող է դա բերել: Երկու անգամ ցուցահանդեսս փակեցին, եղան նաև բռնություններ: Ես հասկացա, որ մենք դեռ բավականաչափ հասուն չենք քաղաքական երգիծանկարչության համար»,– հիշում է նա։

Ծաղրանկարը յուրատեսակ «չափիչ» կարելի է համարել հասարակության համար՝ հասկանալու, թե որքանով է այն առողջ։

Ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանն իրեն ընդդիմադիր է համարում: «Եթե չլինի ընդդիմություն, դիմություն էլ չի լինի, դա անհրաժեշտ հակակշիռ է, որն օգնում է կյանքն առաջ տանել»,– ասում է նկարիչը: Նա քաղաքական ծաղրաքանդակներ է ստեղծում: «Յուրահատուկ դեմքեր են, այդ պատճառով էլ նրանց եմ քանդակում: Քաղաքական գործիչների շարքում կան անհետաքրքիր դեմքեր ևս, բայց կան նաև այնպիսիք, որոնք կարծես խնդրում են, որ քանդակեմ իրենց»,– ասում է նա և ավելացնում, որ ծաղրանկարիչը պետք է ուշադրություն չդարձնի, թե ինչպես են ընդունում նրա նկարները, կամ էլ չզբաղվի այդ գործով։

Որքան նուրբ են ծաղրանկարչի մատիտի գծերը, նույնքան նուրբ պիտի լինի դիտողի զգացողությունն այն ընկալելու համար, որպեսզի հումորն անձնական վիրավորանք չընկալվի, ինչին հակված է հայաստանյան քաղաքական գործիչների մեծ մասը:

«Ամբողջ աշխարհում ընդունված է՝ եթե քաղաքական գործիչները չեն տեսնում սեփական երգիծադիմանկարները մամուլում, ուրեմն այդ օրը վատ են աշխատել: Նրանք վիրավորվում են: Իսկ մեզ մոտ հակառակն է»,– ասում է Սուքիաս Թորոսյանը: Եվրոպայում երգիծանկարչությունը հարգի մասնագիտություն է: Ծաղրանկարիչը հիշում է, որ Բուլղարիայի մշակույթի նախարարը պատմում էր, թե ինքն ավելի շատ գումար է վաստակում ծաղրանկարներ ստեղծելով, քան մշակույթի նախարարի պաշտոնում։

Այսօրվա իրավիճակի պատճառները խորհրդային շրջանում պետք է փնտրել, երբ ծաղրանկարիչները խուսափում էին քաղաքական թեմաներից։ Այդ տարիներին նկարիչները ծաղրում էին հիմնականում «կապիտալիստական բարքերը»։

«Արևավիշապ» փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը։ Մասնակիցները կարժանանան մրցանակների: Առաջին, երկրորդ և երրորդ գլխավոր մրցանակների՝ Ոսկե, Արծաթե և Բրոնզե Արևավիշապների հավակնորդները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ մշակույթի նախարարության մրցանակը՝ «Հայ գրատպության 500-ամյակը», Հայ երգիծանկարիչների ասոցացիայի և Նկարիչների միության մրցանակները:

Փառատոնի ավարտից հետո աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում ու ցուցասրահներում։

Մեկնաբանել