Ինչու են Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ արգելում. «Ժառանգության» հարցը ՀՀ կառավարությանը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՀՀ սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին.

«Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության լայն հասարակությունը իր խորը մտահոգությունն է հայտնել մեր հայրենակից՝ 70-ամյա Ալեքսանդր Վարպետյանի մուտքը՝ Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու փաստի առթիվ: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում, և նրա տեղաշարժվելու իրավունքը արգելված է: Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը Զվարթնոց օդանավակայանի անվտանգության և իրավապահ ծառայությունների աշխատակիցներից փորձել են պարզաբանում ստանալ պարոն Ալեքսանդր Վարպետյանի գտնվելու վայրի, նրա տեղաշարժը արգելելու հիմքերի և առողջական վիճակի մասին, սակայն որևէ իրավասու անձը այդպես էլ վերը նշված հարցերի շուրջ պատասխան չի տրամադրել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Պարոն Ալեքսանդր Վարպետյանը քանի՞ օր է գտնվում Զվարթնոց օդանավակայանում:

2.Եթե կան իրավական հիմքեր պարոն Ալեքսանդր Վարպետյանին Զվարթնոց օդանավակայանում պահելու, նրա տեղաշարժը արգելու համար, ապա խնդրում եմ տրամադրել տվյալ հիմքերի՝ որոշում, արձանագրություն, այլ փաստաթղթերի, պատճեները:

3. Պարոն Ալեքսանդր Վարպետյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվել է, թե ոչ և եթե այո, ապա նրա առողջական վիճակը բավարար է, որպեսզի նա գտնվի փակ տարածության մեջ՝ ըստ էության մեկուսացված:

4. Տարեց հայ մարդու նկատմամբ այսպիսի վերաբերմունքի դրսևորումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արդյոք չի վնասի «Արի տուն» ծրագրին:

Հարգանքներով՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյան»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Մեկնաբանել