ՊԵԿ-ը Սամվել Ալեքսանյանին փորձում է տեղափոխել օրինական դաշտ

Մեկ ամսից ավել իրականացվող ստուգումների արդյունքում Պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարողների մոտ հայտնաբերել է մոտ Դ88 մլն-ի առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ։ Ծավալի 12%-ը բաժին է ընկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը։

Պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ ամիս է՝ հրապարակում է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրությունը։ ՊԵԿ-ը ներկայացնում է ոչ միայն օրական կտրվածքով արձանագրվող խախտումների գումարային ծավալը, այլև ընկերությունների անունները։

Ըստ այդմ՝ փետրվարի 25-ից մինչև ապրիլի 2-ը ՊԵԿ-ը արձանագրել է մոտ 88 մլն-ի ապրանքների շարժ՝ առանց փաստաթղթերի։ Այդ ծավալի Դ10,2 մլն-ը կամ մոտ 12%-ը բաժին է ընկել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը։ Ուշագրավ է, որ մարտի 25-ից հետո ընկերությունն այլևս չի հիշատակվում խախտումներ թույլ տված տնտեսավարողների ցանկում։ Սա կարող է պայմանավորված լինել երկու գործոնով, կա՛մ ՊԵԿ-ն ավարտել է ընկերության օպերատիվ ստուգումները, որոնք սկսել էր փետրվարի 26-ին, կա՛մ էլ «Ալեքս Գրիգը» որոշել է ապրանքներն առաքել ուղեկցող փաստաթղթերով։

Ընդ որում՝ ՊԵԿ-ի վերահսկողությունը «Ալեքս Գրիգին» հարկադրել է առնվազն առժամանակ տեղափոխվել օրինական դաշտ։ Եթե օրինակ փետրվարի 26-ին ընկերությունում հայտնաբերվել են Դ800 հազ-ի առանց փաստաթղթերի ապրանքներ, ապա մարտի 25-ին ծավալը նվազել է մինչև Դ117,2 հազ.։

«Ալեքս Գրիգի» կողմից ստվերային շրջանառության կրճատումը պայմանավորված է տուգանքի չափով։ Ըստ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ անփաստաթուղթ արտադրանքի տեղափոխում կամ առաքում հայտնաբերելու դեպքում առաջին անգամ նշանակվում է ապրանքների գնի (արժեքի) 50%-ի չափով տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում նույն խախտումն արձանագրվում է երկրորդ անգամ՝ նշանակվում է տուգանք՝ 100%-ի չափով, երրորդ և ավելի անգամների դեպքում՝ 200%-ի չափով։

Հաշվի առնելով, որ «Ալեքս Գրիգի» դեպքում պարզ չէ, թե խախտումները որերորդ անգամ են արձանագրվում, դժվար է գնահատել ընկերության ընդհանուր տուգանքի չափը։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ընկերությունը տուգանվել է առնվազն ֌5 մլն-ի չափով (հայտնաբերված ծավալի 50%-ը)։

ՊԵԿ-ը խոշոր խախտումներ է արձանագրել նաև «Էլիթ Շանթ» ընկերությունում՝ Դ2 մլն-ի (մեկ դեպք), «Մառանիկ» ընկերությունում՝ Դ1,7 մլն-ի (երկու դեպք)։ ՊԵԿ-ն առանց փաստաթղթերի ապրանքների առաքման 5 դեպք արձանագրել է նաև «Գրանդ Քենդի» ընկերությունում. ընդհանուր առմամբ առանց փաստաթղթերի առաքման ծավալը կազմել է Դ1,6 մլն։

Մեկնաբանել