Հակահեղեղային միջոցառումների համար պահուստային ֆոնդից հատկացվել է Դ679 մլն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է մարզում իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին. հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանատու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետը Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացել է Փշատավան համայնքի տարածքում: Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, կատարված է, և դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին:

Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ ևս փոխվարչապետը ծանոթացել է իրականացվող միջոցառումներին: Զեկուցվել է նաև մարզի Մյասնիկյան և Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքների ընթացքի մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և հնարավորինս սեղմ ժամկետներում` ափամերձ տարածքները հեղեղումների հնարավոր վտանգից պաշտպանելու համար:

Նշենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է Դ679 մլն` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:

Մեկնաբանել