Այսօր «Ջոն Արքա» ներկայացումով կմեկնարկի շեքսպիրյան միջազգային 9-րդ փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ ապրիլի 6-13-ն անցկացնում է Վ.Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական 9-րդ փառատոնը. տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Վ.Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական 9-րդ փառատոնը նվիրվում է փառատոնի համահիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկուն:

Փառատոնի շրջանակում կներկայացվի Անջեյ Ժուրովսկու մշակումով «Շեյլոկ» սցենարի հիման վրա՝ Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված համանուն լեհական ներկայացումը (գլխավոր դերակատար Պյոտոր Կոնդրատի): Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոգինան փառատոնին կմասնակցի Վ. Շեքսպիրի մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացումով: Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի «12-րդ գիշեր» կատակերգությունը (ՌԴ ժող. արտիստ, պետ. մրցանակի դափնեկիր Կոպիլով), Փարիզի Ավանտի գեղարվեստամշակութային կենտրոնը՝ իտալա-ֆրանսիական «Օթելլո», իսկ Լեհաստանը՝ «Անջատի´ր, Էլա» ներկայացումներով (դեր.՝ Նատալյա Վիլկ, ըստ Շեքսպիրի պիեսների):

Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային 9-րդ հանրապետական փառատոնի բացումը տեղի կունենա այսօր Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն Արքա» ներկայացումով և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի «Վենետիկի վաճառականը» մոնոներկայացումով:

Մեկնաբանել