Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է այսօր` ապրիլի 7-ին, ևւ կավարտվի մայիսի 3-ին:

Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու ընտրությունների իր քարոզարշավը ապրիլի 7-ին կմեկնարկի Սարյանի արձանին հարող պուրակից:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր քարոզարշավը կմեկնարկի Կենտրոնից:

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի առաջին օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը։ Հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում ՕԵԿ անդամները հանդիպումներ կունենան Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչների հետ։

«Բարև Երևան» դաշինքն իր քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից, որտեղ ժամը 15:00-ին «Բարև Երևան» դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Քարոզարշավը կավարտվի մայիսի 3-ին: