Ադրբեջանը «ցեղասպանության» արդեն երկու տարեթիվ է հիշատակում

Ադրբեջանը «հայերի կողմից ադրբեջանցի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության» միանգամից երկու տարեթիվ է հիշատակում՝ փետրվարի 25-ը և մարտի 31-ը: 1992թ. փետրվարի 25-ին արցախյան ուժերը գրոհով վերցրին Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու քաղաքը, որտեղից ամիսներ շարունակ ռմբահարվում էին Արցախի հայկական բնակավայրերը: Պաշտոնական Բաքուն հսկայական միջոցներ է ծախսում և կարողացել է միջազգայնորեն հասարակական կարծիք ձևավորել, թե հայերը Խոջալու բնակավայրում և հարակից տարածքներում իրականացրել են խաղաղ ադրբեջանցիների՝ կանանց, ծերերի ու երեխաների ջարդ:

Խոջալուից բացի՝ պաշտոնական Բաքուն հիշատակում է մարտի 31-ը՝ որպես «ցեղասպանության օր»: Նախագահ Հեյդար Ալիևի ղեկավարության տարիներին (1993-2003) Բաքվի 1918թ. մարտյան դեպքերը որակվեցին «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն»: Ադրբեջանցիները ներկայում քարոզում են, թե հայերն իրենց դեմ ցեղասպանություն են իրականացրել 1905-1907, 1917-1920, 1946-1948 և 1988-1994 թթ.: Սփյուռքահայ պատմաբան Արա Սանջյանը ընդգծում է, որ մինչև 1990-ականների կեսերը նման որակում չի եղել: Սանջյանի խոսքով՝ «Արցախյան հակամարտության առաջին տարիներին ադրբեջանցիները եզրակացրին, որ հայ ժողովուրդը երկու տեղ իրենց նկատմամբ առավելություն է վայելում: Առաջինը կազմակերպված Հայկական սփյուռքի գոյությունն է, և նրանք ներկայում փորձում են ստեղծել դրան հակակշռելու կոչված ադրբեջանական սփյուռք: Բաքվում արդեն հիմնադրվել է ադրբեջանական սփյուռքի հետ կապերի կոմիտե: Երկրորդ՝ չեզոքացնելու համար Հայոց ցեղասպանության բարերար դերը աշխարհում հայերի նկատմամբ դրական կարծիք ստեղծելու ուղղությամբ, ադրբեջանցիներն այսօր երբեմն նույնիսկ Թուրքիայից ավելի ոգևորությամբ փորձում են ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, խոչնդոտել վերջինիս միջազգային ճանաչումը և փոխարենը քարոզել աշխարհին, թե ադրբեջանցիներն իրենք են ենթարկվել ցեղասպանության հայերի կողմից»:

Հեյդար Ալիևը 1997թ. արձակեց նախագահական հրամանագիր, որով ամեն տարի մարտի 31-ը պետք է հիշատակվեր որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Գուցե հեգնական է, որ տարեթիվն ընտրվում է նախագահական հրամանագրով, սակայն մյուս կողմից՝ Բաքուն միջազգայնորեն հայերին ու Հայաստանը վարկաբեկելու գործում աննախադեպ արշավ է ծավալում: Նավթային եկամուտներից սնվող «Հեյդար Ալիևի հիմնադրամը», որը ղեկավարում են Իլհամ Ալիևի կինն ու դուստրը, մարտի 31-ի և Խոջալուի դեպքերի առիթով ամեն տարի կազմակերպում է տասնյակ միջոցառումներ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ աշխարհի կարևորագույն երկրներում և մայրաքաղաքներում:

Մեկ դար առաջ

1918թ. փետրվարին Բաքվի նահանգի մի շարք վայրերում բռնկվեցին հայ-թաթարական (ադրբեջանական) բախումներ, որոնք կարճ ժամանակ անց վերածվեցին արյունահեղության: Բախումներն ունեին երկու հիմնական կողմ՝ Ստեփան Շահումյանի Բաքվի Սովետը և Մուսավաթը: Շահումյանին միացել էին հայկական ջոկատները, որոնց կորիզը կազմում էր ՀՅԴ-ն, իսկ Մուսավաթին՝ «Վայրենի դիվիզիան»: Վերջինիս կորիզը կազմում էին Չեչնիայի, Դաղստանի ու Անդրկասպյան թուրքական ցեղերի կամավորները:

Ապրիլի 13-ին Բաքվից Մոսկվա՝ Լենինին ու մյուս բոլշևիկներին ուղարկած նամակում Շահումյանը գրել է. «Երկու կողմից մարտերին մասնակցել են ավելի քան 20 հազար մարդ: Արդյունքները մեզ համար փայլուն են: Թշնամու ջախջախումը լիակատար էր: Երկու կողմերից սպանվածների թիվը երեք հազարից ավելի է»: Ադրբեջանական աղբյուրները սպանվածների թիվը հասցնում են ավելի քան 12 հազարի: Մուսավաթական առաջնորդները սպանությունների համար մեղադրեցին բոլշևիկ-դաշնակցական ուժերին:

Ահա սա է 1918թ. տեղի ունեցածը, որը հարյուր տարի անց Ադրբեջանի պատմագրությունը և քարոզչությունը ներկայացնում է որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»:

1918թ. մայիսի 23-ին Շահումյանը Լենինին հեռագրում և զգուշացնում է թուրքական զորքերի՝ դեպի Բաքու արշավանքի վտանգի մասին: Մայիսի վերջերին Սարդարապատում և Բաշ-Ապարանում պարտություն կրելուց և մի քանի հազար զինվոր կորցնելուց հետո՝ հունիսի կեսերին, թուրքերը կենտրոնացան Գյանջայում, որտեղ հաստատվել էր Ադրբեջանի մուսավաթական հանրապետության կառավարությունը: Էնվերի փաշայի եղբայր Նուրի փաշայի շուրջ 7000-հոգանոց զորքին Գյանջայում միացավ Մյուրսել բեյի դիվիզիան: Հունիսի կեսերից հետո թուրքերն ու թաթարները, ինչպես նաև «Վայրենի դիվիզիայի» մնացորդներն ընդգրկվեցին «Իսլամի բանակի» կազմում, որը հաշվվում էր շուրջ 20 հազար: Նրանք պատրաստվում էին արշավել դեպի Բաքու:

Թուրքերի ճնշման տակ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը 1918թ. հունիսի 10-ին Բաքու էր գործուղել Մարտիրոս Հարությունյանին և Միքայել Արզումանյանին, որպեսզի հայերը չմասնակցեին թուրքական բանակի դեմ սպասվող մարտերին: Սակայն Բաքվում գտնվող հայերն անտեսում են Թիֆլիսից ստացված հորդորը և արդեն հունիսի 12-ին գրավում են Գյանջայից մոտ 150 կմ դեպի արևելք գտնվող Քյուրդամիր կայարանը: Հունիսի վերջերին թուրքերն անցնում են հակագրոհի, առաջ շարժվում դեպի Բաքու. հայերը տալիս են ավելի քան 1500 զոհ և վիրավոր: Հուլիսի վերջերին Շահումյանը հերթական օգնություն է խնդրում Լենինից, բայց վերջինս որևէ խոստում չի տալիս: Բաքվի Սովետն ընկնում է:

Հուլիսի վերջերից թուրք-թաթարական զորքերի առավելությունը դարձավ ակնհայտ: Բաքվի Հայոց ազգային խորհուրդը թուրքերի արևելյան ճակատի պետ Մյուրսել բեյից ստացավ գրություն, որով առաջարկվում էր քաղաքը հանձնել առանց կռվի: Հուլիսի վերջերին թուրքերն արդեն Բաքվի մերձակայքում էին: Օգոստոսի սկզբին թուրքերը անցան կատաղի հարձակման: Կռիվների ժամանակ սպանվածների մեջ էր Սեբաստացի Մուրադը:

1918թ. աշնանը թաթարները վրեժխնդիր եղան մարտյան դեպքերի համար: Սեպտեմբերի 13-ի առավոտյան մոտ 3000 թուրքեր և տեղացի մահմեդականներ սկսեցին Բաքվի գրոհը: Սեպտեմբերի 15-ի առավոտյան Հայոց ազգային խորհրդի անդամները, ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու ղեկավարները, զինվորներն ու բնակչության մի զգալի մասը նավերով հեռացան Բաքվից: Սիմոն Վրացյանի խոսքով՝ «Վերջին նավ նստողն էր Բաքվի հերոսամարտի ոգին՝ Ռոստոմը՝ մռայլ, ընկճված ու հուսաբեկ: Իսկ քաղաքում այդ ժամանակ սկսվում է մեծ եղեռնը: Երեք օր շարունակ կատարվեց սպանություն, թալան, բռնաբարություն և աննկարագրելի գազանություն»:

Բաքվի շուրջ 70 հազար հայերի մի մասը միայն փրկվեց: Սպանված հայերի թիվը առնվազն ինը հազար էր: Հայկական որոշ աղբյուրներ նշում են 17 հազար սպանված հայերի մասին:

Մեկնաբանել