Գեղանկարչայնություն քանդակային ձևերում

Տարբեր են քանդակագործները. ոմանք տքնաջան աշխատում են միայն պատվերներ ստանալիս, մյուսներն օրուգիշեր որոնում են նորանոր ձևեր ու արտահայտչամիջոցներ՝ ժամանակի հետ բյուրեղացնելով իրենց ասելիքն ու ստեղծելով թանգարանային իրական արժեքներ։ Վերջիններիս շարքում նաև Սամվել Ղազարյանն է:

Սամվելը քանդակել սկսել է 5 տարեկանից: 1964-1968 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում: 1978թ. Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինն ավարտելուց հետո մասնակցել է շուրջ 100 ցուցահանդեսների, ներառյալ 3 անհատականները։

Արդեն երեք տասնամյակ է, ինչ Սամվել Ղազարյանը հավատարիմ է իր գեղարվեստական սկզբունքներին։ Որոնելով ու գտնելով կերպավորման հաջող ձևեր՝ քանդակագործին հաջողվեց զերծ մնալ ամեն անգամ դրանք նույնությամբ կրկնելու գայթակղությունից և խույս տալ գեղարվեստական շտամպի երևույթից: Ապրելով իր իսկ կերտած ձևակերտումների գեղարվեստական աշխարհում՝ նա այսօր ևս շարունակում է հաստատել միայն իրեն վերապահված տեղն արդի հայ կերպարվեստում։

Սամվել Ղազարյանի բազմապիսի ու բազմադեմ քանդակները միավորվում են նախ՝ բնական նյութի (հիմնականում քարի) հանդեպ ունեցած նրա երկյուղած վերաբերմունքով և առանձնահատուկ մոտեցմամբ: Քարը, նաև հրակավը, փայտն ու բրոնզը նրա համար հաճախ գործակից ու ստեղծագործական գործընթացի հավասար կողմ են: Արվեստագետը ոչ միայն չի երկնչում նյութի բնական տարերքից, այլև պահպանելով այն՝ փորձում է առավելագույնս օգտագործել դրա նախածին ֆակտուրան, գույնն ու լույսուստվերը:

Նրան հաջողվում է նաև ճիշտ ու վարպետորեն պահել քարի անմշակ ու մշակված ծավալների ընդհանուր հաշվեկշիռը՝ համադրելով դրանք և ստեղծելով «երկրորդ բնություն»: «Տիեզերքի և Քանդակի արարման ուղին նույնն է՝ Քաոսից Հարմոնիա»,– քանդակագործի աշխատանքն այս կերպ է բացատրում Սամվելը, որն ազատ է իր գեղարվեստական մտածողության մեջ և քանդակներին հաճախ մոտենում է իբրև գրաֆիկական թերթերի ու գեղանկարչական կտավների: Տպավորություն ունեմ, թե հատիչը նրա ձեռքին վրձնի նշանակություն ունի, որով ամեն ինչ կարող է անել: Ու կարևորն այն է, որ այդ հայացքը փոխանցվում է նաև մեզ՝ դիտողներիս։

Իհարկե, այս հարցում Սամվել Ղազարյանին օգնել է գծին տիրապետելու հմտությունը: Պատահական չէ, որ նա երկար տարիներ քանդակագործությունից զատ Գեղարվեստաթատերական ինստիտուտում նաև գծանկարչություն է դասավանդել։

Խորապես ինտելեկտուալ և անսպառ երևակայության տեր լինելու, ինչպես նաև գեղարվեստի իր սեփական փիլիսոփայությունն ունենալու հանգամանքները մեծապես նպաստել են, որ Սամվել Ղազարյանը հաջողություններ գրանցեր ստեղծագործական տարբեր մրցույթներում: «Ստեղծագործական տեսակետից մրցույթները լավ դպրոց են»,– ասում է քանդակագործը։

Տպավորիչ էին հատկապես նրա մասնակցությունները Իտալիայի Ռավեննա քաղաքում պարբերաբար կազմակերպվող Դանթեին նվիրված բրոնզյա քանդակի միջազգային բիենալեներին: Այստեղ հարկ էր գեղարվեստական ձևերի նորովի իմաստավորում՝ Դանթեի «Աստվածային կատակերգություն» գրական երկի բարդ հյուսվածքին պլաստիկ լուծումներ տալու համար: Մյուս հայ քանդակագործների թվում Սամվել Ղազարյանին հաջողվեց առանձնանալ հարյուրավոր մասնակիցներից. 1992թ. նա ստացավ 10-րդ բիենալեի Գավաթ մրցանակը, իսկ 1994թ. և 1998թ. շահեց Ոսկե մեդալներ։

1998թ. Սամվելը ներկայացրեց իր «Ավետում» քանդակային կոմպոզիցիան: Այս թեմայի տասնյակ, մեկը մյուսից հետաքրքիր մեկնաբանություններ են պարունակում մեր միջնադարյան մանրանկարներն ու որմնանկարները: Չնայած քանդակագործությանը բնորոշ ժանրային ու թեմատիկ սահմանափակումներին՝ մեր ժամանակակիցը գտնում է, որ «ոչ քանդակային թեմաներ չկան, ու ամեն ինչ էլ կարելի է քանդակել՝ լուծումը ճիշտ գտնելու դեպքում»։

«Ավետման» դեպքում լուծումը գտնված է խաչաձև կոմպոզիցիայի տեսքով: Ընդ որում՝ դա նկատելի է թե՛ դիմացից, թե՛ վերևի անսահմանությունից: Քանդակն արտացոլում է այն պահը, երբ Գաբրիել հրեշտակապետն ավետում է Մարիամին Փրկչի գալստյան մասին։

Մեկ այլ նախագիծ՝ «Ես եմ աշխարհքի լոյսը» խորագրով, քանդակագործը ներկայացրել էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված մրցույթին՝ առաջարկելով երկֆիգուր խաչակերպ մի կոմպոզիցիա։ Խաչի գաղափարը հատակագծում արտացոլված է գրանիտե չորս ողորկված սալերի համադրությամբ: Հորինվածքում Տիրամոր կուրծքը նմանվում է հայկական եկեղեցու գմբեթի, որի կենտրոնից էլ Սուրբ լույսը ներթափանցում է Աշխարհ՝ հայելակերպ բրոնզե շրջանակի միջով, որն արձանի կենտրոնական առանցքային դիտակետից ընկալվում է որպես պատանի Հիսուսի լուսապսակ։ Հեղինակն իր այս աշխատանքը պատկերացնում է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևի փոքրիկ հրապարակում, որի պատճառով էլ քանդակի ուրվագիծը համահունչ է ներկայացված տաճարի ընդհանուր ուրվապատկերին։

Ոչ քանդակային մեկ այլ թեմայի՝ «Հայոց պատմություն», հանդիպում ենք Սամվել Ղազարյանի բրոնզաձույլ մեկ այլ աշխատանքում: Ճիշտ է, այն կերտվել է Մովսես Խորենացուն նվիրված հուշարձանի նախագծի մրցույթի առիթով, սակայն քանդակագործը վեր է բարձրացել միայն մեկ, թեկուզ և պատմական նշանավոր անձի կերպավորումից: Կլոր քանդակի սկզբունքով արված աշխատանքն իր ուրվագծով հիշեցնում է Արարատ լեռը, որի տարբեր կողմերում դրվագված են Նոյյան տապանը, Հայկ նահապետը, մեր հավատի խորհրդանիշ հայոց եկեղեցին: Քանդակի բարձրակետին՝ մեծ Մասիսի ճերմակ գագաթին ձուլված է Պատմահոր լուսապսակ ճակատը։

Նորովի կիրառելով Վերածննդի դարաշրջանի քանդակագործությունից մեզ հայտնի թերասության (non finito) սկզբունքը՝ Սամվել Ղազարյանը հասնում է տպավորիչ արդյունքների՝ պատկերելով թե՛ Փոքր Մհերին, թե՛ Ծովինարին, թե՛ դիցաբանական այլ հերոսների: Ընդ որում՝ այդ ոճը նկատելի է նաև Սամվելի բազմաթիվ գծանկարներում՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին: Դրանք գրական այս երկի նկարազարդումներ չեն, այլ ինքնուրույն ստեղծագործություններ մեր էպոսի թեմաներով։

Ստեղծագործական գործունեության վաղ շրջանից Սամվել Ղազարյանին զբաղեցրել է նաև երաժշտական թեմատիկան: Սովորաբար ճարտարապետությունն են նմանեցնում քարացած երաժշտության: Մինչդեռ Սամվելը փորձել և հաջողել է քանդակագործությունը վերածել ոչ միայն քարացած, այլև հնչող երաժշտության:

Նրա «Մեղեդի» մարմարակերտ արձանում նույն հնչեղությունն ունեն թե՛ նվագող թավջութակահարուհին, թե՛ անշունչ քարի արձակած շնչավոր մեղեդին: Այստեղ ևս հեղինակը կարողացել է վարպետորեն համադրել բնական քարի անմշակ և խնամքով մշակված մակերեսները: Իսկ թավջութակահարուհու դեմքի կատարումն ինձ ավելի շատ թափանցիկ ջրանկար է հիշեցնում, քան սուր հատիչով տաշված սառը քարաբեկոր։

Սամվել Ղազարյանի ամենահայտնի ու սիրված գործերից է «Երաժիշտներ» եռյակը, որը ժամանակի ընթացքում մեկ քարից է պատրաստվել, մեկ՝ բրոնզից, մեկ՝ հրակավից: Վերջինս այսօր ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում: Սկզբնապես այս արձանախումբը նախատեսված է եղել Երևանի Կամերային թատրոնի ճեմասրահի համար, ապա այն ինքնուրույն կյանքի ուղեգիր է ստացել և, մերթընդմերթ փոխելով իր կատարողական «կազմը»՝ ջութակ, ֆլեյտա և թավջութակ, նորովի հայտնվել արվեստասերի առջև:

Սամվել Ղազարյանը առաջիններից էր, որ գործուն մասնակցություն բերեց Իջևանի քանդակի սիմպոզիումների կայացմանն ու զարգացմանը: Այսօր Իջևանի քաղաքային զբոսայգում կարելի է տեսնել նրա «Ծովինար» մարմարյա արձանը և «Միայնակ հրեշտակը»:

Այսքանից հետո ափսոսում ես, որ մայրաքաղաք Երևանում չկա Սամվելի որևէ կոթողային աշխատանք: Սա այն դեպքում, երբ նրա քանդակները ցուցադրվում են Էրմիտաժում, Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ շատ գործեր էլ տեղադրված են Մոսկվայում, Բիշքեկում, Մոլդովայում, Կանադայում և այլուր: Մխիթարվում ես՝ իմանալով, որ Մաշտոցի պողոտայի հարևանությամբ շուտով վեր կհառնի նրա բրոնզաձույլ «Ադամն ու Եվան»:

Լևոն Լաճիկյան, արվեստաբան

Մեկնաբանել