Մեկ այբուբեն՝ 37 լեզվի համար

Մարտի 22-ին կայացավ Վազգեն Ղազարյանի «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը: Հեղինակը, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է, առաջին անգամ հանրությանը ներկայացրեց Հյուսիսային Կովկասի 37 լեզուների համար իր ստեղծած նոր ընդհանրական այբուբենը:

— Վազգեն, մենք գործ ունենք լեզվական և էթնիկ առումով աշխարհի ամենախայտաբղետ տարածաշրջաններից մեկի հետ։ Նույնիսկ ազգագրագետների համար սա բարդ տարածաշրջան է։ Ի՞նչը ստիպեց ֆիզիկոսին զբաղվել այս հարցով։

— Միտքն առաջացավ Հյուսիսային Կովկասի լեզուների հպանցիկ ուսումնասիրությունից, ավելի ճիշտ՝ ընկերոջս հետ զրույցի արդյունքում: Մի անգամ մենք խոսում էինք Հյուսիսային Կովկասի լեզուների հնչական առանձնահատկություններից, բազմազանությունից, և միտք առաջացավ ինչ-որ կերպ համակարգել այդ բազմազանությունը և ստեղծել այբուբեն, որը հիմնված կլինի հարավկովկասյան երեք պատմական այբուբենների ձևաբանական տարրերի վրա:

Ինչո՞ւ միտքն առաջացավ: Հյուսիսային Կովկասը, իրոք, շատ խայտաբղետ տարածք է: Իհարկե, այն լեզուների բազմազանությամբ զիջում է որոշ այլ տարածաշրջանների, այնուամենայնիվ այստեղ իրար են հանդիպում մոտավորապես հիսուն ժողովուրդ, որոնք խոսում են հինգ տարբեր լեզվաընտանիքներին պատկանող 37 լեզուներով, որոնք աչքի են ընկնում հնչյունային բացառիկ բազմազանությամբ: Այդ տարածքում լեզուներ կան, որոնք ունեն մինչև 86 բաղաձայն:

Հյուսիսային Կովկասի լեզուներն այսօր վտանգված են, քանի որ չունենալով լավ հարմարեցված այբբենական համակարգեր, որոնց կրողները մեծ մասամբ բնակվում են Ռուսաստանի տարածքում, աստիճանաբար մղվում են մարգինալացման և արտամղման: Հենց սա էր հիմնական պատճառը, որն ինձ ստիպեց անդրադառնալ այս խնդրին և փորձել այդ լեզվին կա՛մ պահպանման հնարավորություն տալ, կա՛մ զարգացման ազդակ ծառայել:

— Այս նախագծով Դուք առաջարկել եք տառ-հնչյուն փոխմիարժեքությամբ ստեղծել այբբենական համակարգ։ Ինչպե՞ս է Ձեզ դա հաջողվել, չէ՞ որ անհրաժեշտ է իմանալ այդ լեզվախմբի լեզուներից գոնե մեկը։ Ի՞նչ լուծում եք գտել։

— Լեզվի հնչյունային համակարգը հասկանալու համար ամենևին պարտադիր չէ դրան տիրապետել: Պարտադիր չէ իմանալ այդ լեզվի քերականությունը և այլն, երբ կան լեզվի առանձին ուսումնասիրություններ, օրինակ՝ ավարերենի, վերաբերյալ: Երբ վերցնում ես ավարերենին նվիրված որևէ աշխատություն, գրքի սկզբում ներկայացվում է լեզվի հնչյունային համակարգը: Սա է հիմքը: Բարեբախտաբար, այդ 37 լեզուների մեծ մասը գոնե գիտականորեն ինչ-որ չափ ուսումնասիրված է: Կան, իհարկե, այնպիսիք, որոնց վերաբերյալ ուսումնասիրություններն անցյալ դարի 70-ականներին են կատարվել, բայց միևնույն է, նախքան լեզուն նկարագրելը հեղինակը պարտավոր է ներկայացնել լեզվի հնչյունային համակարգը: Ո՞րն էր մոտեցումը՝ լեզվի իմացությունից զատ: Երբ ուզում ես մի քանի լեզուների համար այբուբեն հարմարեցնել, պիտի վեր կանգնես մի լեզվից: Ես ստեղծել եմ համակարգ, որն ընդհանրական կլինի բոլոր լեզուների համար և որից յուրաքանչյուրը կվերցնի իրեն անհրաժեշտ մասը:

— Իսկ ի՞նչն է հիմք ծառայել այբուբենի համար։

— Իբրև հիմք ես ընտրել եմ ամենահարուստ հնչյունաքանակ ունեցող ուբիխերենը: Այն այժմ մեռած լեզու է: Դրա վերջին կրողը մահացել է 1992թ. Թուրքիայում: Այդ մարդու ձայնագրություններն օգտագործելով էլ վերականգել լեզվի հնչյունաբանությունը: Երբ հաջողվեց այբբենական համակարգ ստեղծել ուբիխերենի համար, այն շատ հեշտ հարմարեցվեց հյուսիսկովկասյան մյուս բոլոր լեզուներին:

— Երբևէ Կովկասում կամ նրա սահմաններից դուրս փորձե՞լ են մշակել այսպիսի ծրագիր։

— Հյուսիսային Կովկասի ժողովուրդների համար գրային համակարգեր ստեղծելու փորձեր անշուշտ եղել են: Առաջինը վերաբերում էր աբխազերենին, դա 19-րդ դարի վերջին էր: Սկզբնապես դրանք լատինատառ համակարգերն էին, որոնք, միևնույն է, թերի էին: Հետագայում ռուսայնացման քաղաքականության հետ մեկտեղ՝ բոլոր այդ գրային համակարգերը ռուսատառ դարձան: Դա հնարավորություն տվեց և՛ գրառել այդ լեզուները, որոնց զգալի մասը մինչ այդ չէր գրառվել, և՛ կրթություն տալ դրանց կրողներին: Սակայն հնչյունային տեսակետից լինելով թերի՝ այդ այբուբենները չէին կարող համապատասխանել լեզուներին: Բացի դրանից՝ դրանք էսթետիկորեն այնքան անհաջող էին, որ չէին կարող մրցակցել ռուսերենի հետ: Ուստի, շատ հաճախ այդ լեզուների հնչյուններն արտահայտելու համար անհրաժեշտ էր լինում կիրառել քառատառ, հնգատառ համադրություններ, ինչն անհարմար էր աչքի համար:

— Ի՞նչ պետք է անել ծրագրի հաջողության դեպքում. չէ՞ որ Ձեր նպատակը մոռացության մատնվող կովկասյան լեզուները փրկելն է։

— Ինչ-որ բան անելու համար դեռ ծրագիրը պիտի հաջողության հասցնենք: Այս պահին առաջնահերթ է, որ տեղի գիտնականները ծանոթանան այս նախագծին, ինչն այնքան էլ հեշտ չի անել, քանի որ Հայաստանի կապերը Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ շատ չեն: Կան գիտական կապեր, բայց դրանք շատ քիչ են, և հիմա փորձում եմ դրանք օգտագործել:

Գիրքն ընդամենը մեկ ամիս առաջ է լույս տեսել, այնպես որ դեռ ժամանակ կա: Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ սա որևէ իմաստով հայկական նախագիծ չէ: Ինչո՞ւ եմ սա ասում՝ որովհետև հարցի քաղաքականացումը կարող է լրջորեն վնասել գործին: Սա կովկասյան նախագիծ է, և դրան առաջին հերթին պիտի հավանություն տան նրանք, Կովկասի ժողովուրդները, գիտնականները: Ժամանակը ցույց կտա՝ ինչ կանենք հետո: Մենք երկու համաժողովներում ներկայացրել ենք նախագիծը:

Մեկնաբանել