Հենրիխ Մխիթարյան. Խոսակցությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Hotsport-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի Կիևի «Դինամոյի» հետ խաղի և ազգային հավաքականի հեռանկարների մասին:

Հենրիխ, ինչպե՞ս է ընթանում «Դինամոյի» հետ խաղի նախապատրաստությունը:
-Թիմը կիևցիների հետ խաղին պատրաստվում է շատ լրջորեն, ինչպես և առաջնության մյուս խաղերին: Մեզ համար բոլոր խաղերն էլ կարևոր են` անկախ մրցակցից: Մրցաշարային աղյուսակում «Դինամոյի» զբաղեցրած դիրքը նշանակություն չունի:

Ամեն օր ավելանում է այն ակումբների թիվը, որոնեք ցանկանում են քեզ տեսնել իրենց շարքերում: Ինչպե՞ս ես կարողանում կենտրոնանալ:
-Դա ինձ չի խանգարում: Պարզապես անհրաժեշտ է ավելի քիչ ուշադրություն դարձնել այդ խոսակցություններին: Ներկա պահին ես «Շախտյորի» խաղացող եմ և պայմանագիր ունեմ այս ակումբի հետ: Բացի այդ, այդ խոսակցությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ:

Ինչ վերաբերում է հավաքականում կարիերային: Մալթայի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանը միավորներ չի հավաքել ԱԱ 2014-ի որակավորման փուլում:
-Մենք զգում ենք, որ այժմ հավաքականում խաղային անկում է: Դա կապված է նրա հետ, որ որակազրկումների և վնասվածքների պատճառով չի հաջողվում խաղալ հիմնական կազմով: Ամեն դեպքում, Հայաստանը բավականին լավ թիմ է, և մենք միշտ հավատում ենք, որ կարող ենք հաջողության հասնել, քանի որ դեռ երիտասարդ ենք և կարող ենք առաջադիմել:

Հենրիխ, աշնանը 18 գոլ խփելուց հետո գարնանը 4 խաղում դարձել ես միայն մեկ գոլի հեղինակ, ինչն այնքան էլ լավ ցուցանիշ չէ:
-Իհարկե, ցանկանում եմ ավելի շատ գոլ խփել, սակայն չպետք է մոռանալ, որ ամենակարևորը թիմի հաջողություններն են: Ուստի իմ խփած գոլերի քանակը կարևոր դեր չի խաղում, եթե «Շախտյորը» հաղթում է: