Թեև Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել բջջային սարքավորումների շուկայում, սակայն առավել հաճախ օգտագործողները համացանցից օգտվում են Safari բրաուզերի օգնությամբ, հաղորդում է Appleinsider-ը:
Բրաուզերների և օպերացիոն համակարգերի վեբ վերլուծությամբ զբաղվող ամերիկյան Net Applications ընկերության ուսումնասիրության համաձայն, որում ներառված են շուրջ 160 մլն օգտագործողի տվյալներ, 2013թ. մարտին Safari-ն զբաղեցրել է բջջային սարքավորումների բրաուզերների ընդհանուր շուկայի 61,79%-ը:
Հատկանշական է, որ փետրվարին այս ցուցանիշը կազմել է 55,41%: Նրան հաջորդում են Android-ի ստանդարտ բրաուզերը` շուկայի 21,86%, Opera Mini-ն` 8,4% և Chrome-ը` 2,43%-ով մասնաբաժնով:
Փորձագետների համոզմամբ` շուկայում Safari-ի մասնաբաժնի ավելացումը պայմանավորված է վերջին ամիսներին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության սարքավորումների վաճառքների բարձր ցուցանիշներով: