Ամենաթողությունը վերացնելու ամենամոտ հնարավորությունը Երևանի ընտրություններն են. Վ. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի մեկնարկային հավաքի ժամանակ, 7-ը ապրիլի, 2013թ.:

Հարգելի գործընկերներ,

Մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Մենք կմասնակցենք հաղթելու վճռականությամբ և դրանով իսկ սկիզբ կդնենք երկրում առավել խորքային փոփոխությունների համար:

Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին և այն անպայմանորեն դիտարկեր և՛ քաղաքական, և՛ քաղաքային հարթություններում:

Մինչև ընտրության օրը երկրում տեղի կունենան մի քանի կարևոր իրադարձություններ և գործընթացներ:

Առաջին, ընդամենը երկու օրից տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը:

Երկրորդ, երդմնակալությունից մեկ շաբաթ անց կլինի վարչապետի և կառավարության նշանակումը:

Երրորդ, ակնկալվում է, որ կշարունակվի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ալիքը:

Չորրորդ, կընթանա քաղաքի ընտրությունների մեկամսյա ընտրարշավը:

Սրանք շաղկապված են: Կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն յուրաքանչյուր դեպքում, դրանք անպայման ազդեցություն կունենան մյուսների վրա:

Ապրիլի 9-ին նախագահը կկատարի իր երդումը Սահմանադրության և Ավետարանի վրա, սակայն դա չի փարատի ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության կասկածը, ինչը և հաջորդ տարիներին օրինակարգության խնդիրներ կառաջացնի գործադիրի համար՝ ստվերելով նրա գործունեությունը:

Կախված նրանից, թե ով կնշանակվի վարչապետ, և կառավարության ինչ կազմ կունենանք՝ ինչ ծրագրով, պարզ կդառնա՝ արդյոք իշխանությունները լսել և հասկացել են ժողովրդի ուղերձը և պատրաստ են իրականացնել հանրության պահանջները: Դրանից պարզ կդառնա նաև, թե ինչ համաձայնություններ են կայացել իշխանության և քաղաքական տարբեր ուժերի միջև:

Վերջապես, շատ բան է կախված նրանից, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ինչ պատասխանատվություն կվերցնի, ինչ ընտրարշավ կիրականացնի և ինչքանով պատրաստ կլինի վեր կանգնելու նեղ շահերից՝ հանուն ընդհանուրի և երկրի ապագայի:

Ահավասիկ, եթե այսքանից հետո կան մարդիկ, որ կասեն՝ այս ընտրությունները քաղաքական չեն, նշանակում է, որ նրանք կա՛մ թյուրիմացության մեջ են, կա՛մ էլ միտումնավոր թյուրիմացության մեջ են գցում հանրությանը:

Ավելին, այսօր մեր առջև ծառացած խնդիրների և ձախողումների պատճառները հիմնականում երկուսն են, և ես շատ ուրախ եմ, որ արդեն բոլորս ենք խոսում այդ մասին:

Առաջինը քաղաքական մենաշնորհն է: Մեկ կուսակցություն բացարձակ մեծամասնություն ունի ամեն ինչում: Նույնիսկ տպավորություն կա, որ որոշ գործիչներ Հայաստանը համարում են իրենց սեփականությունը՝ ժառանգած իրենց պապերից և պատրաստ հանձնելու իրենց հաջորդներին: «Միայն իրենք կարող են ղեկավարել երկիրը, միայն իրենք են հայրենասերները, միայն իրենք են հասկանում երկրի դարդ ու ցավը: Ովքե՞ր են մնացած բոլորը, ի՞նչ իրավունքով են հավակնում պաշտոնների, ի՞նչ հանդգնությամբ»:

Երկրորդը իշխանության և պետության նույնացումն է: Պետական կառույցները ժողովրդին ծառայելու փոխարեն ծառայում են իշխանության պահպանմանն ու վերարտադրությանը:

Ահավասիկ, այս մտածողությունն ու ոճն է, որ մեզ հասցրել է անդունդի եզրին: Այսպես պարզապես հնարավոր չէ շարունակել: Կարծում եմ՝ ժողովուրդը շռնդալից ձևով իր այդ ցանկությունն արտահայտեց նախագահական ընտրությունների ժամանակ:

Երկրում քաղաքական մենաշնորհը և ամենաթողությունը վերացնելու մեր ամենամոտ հաջորդ հնարավորությունը մայիսի սկզբին Երևան քաղաքի ավագանու ընտրություներն են:

Երկիրը ճակատագրական ջրբաժանի առաջ է՝ ոչ թե գոյության կամ չգոյության, այլ ճահճում մնալու կամ դրանից դուրս գալու առումով: Այսօր պատասխանատվություն վերցնելու ժամանակն է, և այստեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ առաքելություն ունի: Այն Հայաստանի քաղաքական դաշտի առանցքային բևեռներից է և իր գաղափարական, ծրագրային, կադրային ու կազմակերպչական ներուժով շարունակելու է իսկական այլընտրանք մնալ գործող իշխանությանը, լինելու է ժողովրդի կողքին՝ նպաստելով սահմանադրական ճանապարհով նրա իրավունքների իրացմանը, լինելու է երկրում քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիայի գլխավոր ջատագովներից և ակտիվ ներգրավվածություն է ունենալու քաղաքական բոլոր գործընթացներին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, մասնակցելու է ազգային-քաղաքական նոր օրակարգի ձևավորմանը և դրա միջոցով երկրում իրավիճակի փոփոխությանը:

Չէի ցանկանա տպավորություն թողնել, որ ԲՀԿ-ն ձգտում է վերցնել Երևանի իշխանությունը միմիայն քաղաքական խնդիր լուծելու համար: Այդպես կլիներ, եթե ամեն ինչ բարվոք լիներ մեր քաղաքում: Բայց դժբախտաբար այդպես չէ: ԲՀԿ-ն լուրջ ծրագիր ունի լուծելու երևանցիների առջև ծառացած և տարիներով լուծում չստացած խնդիրները:

Գործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ լինի արտաքին քաղաքականություն, թե քաղաքի կառավարում, անհրաժեշտ է, որ ունենա գաղափարական հենք, որը խարիսխ լինի ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ի՞նչը կարող է լինել այդ խարիսխը քաղաքի դեպքում, որը լինի քաղաքապետի և ավագանու գործունեության գլխավոր ուղենիշը:

Ամեն ինչ հանգում է անհատին ու հասարակությանը ծառայելուն: Իսկ անհատին ծառայելու նպատակը պետք է լինի նրա համար արժանապատիվ կյանք ապահովելը: Այս բառն իր բովանդակությամբ այնքան ընդգրկուն է, որ ներառում է առօրյա կյանքի բոլոր ոլորտները:

Ես չէի ուզենա շատ խորանալ այսօր այդ հարցերի մեջ: Նրանք նշված են մեր ծրագրում, և բնականաբար մենք կխոսենք դրանց մասին ընտրարշավի ընթացքում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու կարգախոս է ընտրել՝ «ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ» և «ՍԿՍԵՆՔ ԵՐԵՎԱՆԻՑ». երկուսն էլ բազմաբովանդակ են և վերաբերում են մեր առօրյա կյանքին, քաղաքին, քաղաքացուն, անհատի զարգացմանն ու արժանապատվությանը: Այս ամենը հնարավոր կլինի միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Սա իսկապես հնարավորություն է երկրում և մարդկանց կյանքում իրավիճակ փոխելու համար:

Մեկնաբանել