Ադրբեջանցի դիվանագետը` հայերի և թուրքական թերթի մասին

Անկարայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից, դիվանագետ Էլսեվեր Սալմանովը ռասիստական և վիրավորական բնույթի արտահայտություններ է հնչեցրել թուրքական Radikal թերթի, նրա աշխատակիցների և հայերի հասցեին:

Ադրբեջանցի դիվանագետին զայրացրել է այն, որ Անկարայի երաժշտության փառատոնի ազդագրում փառատոնի հովանավոր Radikal թերթը նշել է, որ «Սարը գելինը» հայկական երգ է:

Ադրբեջանցի դիվանագետի վիրավորանքներով լեցուն ֆեյսբուքյան գրառումը մեջբերում է Radikal-ը. «Կա´մ Radikal թերթում հայեր կան, որոնք մի կողմ թողնելով լրագրողական կանոնները, իրենց ազգին են ծառայություն մատուցում, կա´մ էլ թերթը հավատարմորեն ծառայություն է մատուցում հայերին: Այս մտածողության դեմ կարող է առնել միայն «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք մտածողությունը» (hepiniz Ermenisiniz hepiniz piçsiniz)»: Միաժամանակ` Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցը կոչ է արել խելամիտ բոլոր մարդկանց «թքել այսպիսի մտածողության վրա»: