Բեյոնսեն և նրա ամուսինը պատասխան կտան Կուբա այցելելու համար

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկու կոնգրեսական հայց են ուղարկել երկրի ֆինանսների նախարարություն՝ պահանջելով ներկայացնել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, մեկնել են Կուբա:

Իլեանա Ռոս Լետինենի և Մարիո Դիաս Բալարտի կարծիքով՝ զույգը խախտել է այդ երկիր զբոսաշրջային ուղևորությունների վրա սահմանված արգելքը: Ամերիկացի բոլոր քաղաքացիների այցելությունները Կուբա կարող են իրականացվել միայն «մշակութային, գիտական կամ կրոնական փոխանակման շրջանակում»:

Աստղային զույգը Կուբա է մեկնել ապրիլի 3-ին, մի շարք լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հարսանիքի 5-ամյակը նշելու համար: Հավանայում նրանց դիմավորել են երկրպագուները, Բեյոնսեն և Ջեյ Զին հաճույքով լուսանկարվել են, այցելել ռեստորաններ:

Իրենց հայցում կոնգրեսականները, մասնավորապես, տեղեկատվություն են պահանջել ուղևորության թույլտվության և նպատակների մասին, ինչպես նաև խնդրել են տրամադրել նման այցելություն արտոնած պաշտոնյաների անունները: Եթե Բեյոնսեն և Ջեյ Զին Կուբա են մեկնել առանց համապատասխան թույլատրող փաստաթղթերի, ապա, Los Angeles Times թերթի հաղորդմամբ, նրանք ստիպված կլինեն տուգանք վճարել:

Մեկնաբանել