«Ակօսի» խմբագիրը հարցաքննվում է 301-րդ հոդվածով

Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և լրագրող Ումիթ Քըվանչի դեմ: Անդրադառնալով թեմային` թուրքական Radikal թերթը հետաքրքրական հոդված է հրապարակել` գրելով, թե ինչպես Հրանտ Դինքին, այնպես էլ Քոփթաշին և Քըվանչին դատարանը մեղադրում է` նույն 301-րդ հոդվածով` «պետությանը և դատական համակարգին վիրավորելու» մեղադրանքով:

Radikal-ը գրում է, որ ըստ Թուրքիայում գործող օրենքի` առանց արդարադատության նախարարության թույլտվության` նրանց հնարավոր չէ հարցաքննել 301-րդ հոդվածով, սակայն առանց նախարարության թույլտվության` դատարանը լրագրողներին արդեն կանչել է դատարան: Ավելին` արդարադատության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի` վերոնշյալ գործով իրենց չեն դիմել: Ուշագրավ է նաև այն, որ նրանց դատարան են կանչել բջջային հեռախոսից ուղարկած հաղորդագրությամբ:

Լրագրողները մեղադրվում են 301-րդ հոդվածով այն բանի համար, որ նրանք «Ակօսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի դատավարության ավարտից հետո` 2012թ. հունվարի 17-ին, Haber Turk-ի «Ձայնը քոնն է» հաղորդման ընթացքում դատապարտել են դատարանի վճիռը և մեղադրել թուրքական պետությանը: Radikal-ը գրում է, որ Քոփթաշի և Քըվանչի արտահայտություններն «անհանգստացրել» են Անթալիայի բնակիչ Այդըն Թաշչըին, որը հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն և բողոքել հաղորդման ընթացքում Քոփթաշի և Քըվանչի արած այն հայտարարության դեմ, թե «Դինքին սպանողը պետությունն է»: Հայցվորը նշել է, որ ինքը` որպես թուրք, աննընդունելի է համարում Թուրքիայի Հանրապետությանը մարդասպան անվանելը:

Հետաքրքական է, որ Radikal-ը գրում է, թե Այդըն Թաշչըի ներկայացրած հայցում ընդգծվում է թուրքական պետությանը վիրավորած Քոփթաշի` հայ լինելու հանգամանքը: Թերթը գրում է, որ 301-րդ հոդվածի հատկանիշներով Քոփթաշը կարող է դատապարտվել վեց ամսից մինչև երկու տարի ազատազրկման:

Նշենք, որ ժամանակին 301-րդ հոդվածոով` թուրքական պետությանը վիրավորելու մեջ մեղադրվում էին նաև Հրանտ Դինքը, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը և այլն: Դատարանը, օգտագործելով «թրքություն», «թրքական ազգ» հասկացությունների հակասական մեկնաբանությունները, փորձում է ճնշումներ գործադրել քաղաքացիների նկատմամբ:

Մեկնաբանել