WikiLeaks-ը 1,7 մլն նոր փաստաթուղթ է հրապարակել

WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան հետախուզության և դիվանագիտական ծառայության ավելի քան 1,7 մլն փաստաթուղթ, որոնք ընդգրկում են 1973-1976 թթ․ ընկած ժամանակահատվածը։ Այս տեղեկատվության հավաքման աշխատանքների մի մասն իրականացրել է անձամբ կայքի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժը՝ լինելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ ապաստանում է անցյալ տարվա հուլիսից, հաղորդում է BBC-ն։

Ապրիլի 8-ին հրապարակված փաստաթղթերի մի մասը հասցեագրված է 1973-1977 թթ․ ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջերին կամ կազմված է նրա կողմից։ Փաստաթղթերի մեծ մասը նշագրված է «տարածման ենթակա չէ», իսկ որոշները նախկինում ունեցել են գաղտնիի կարգավիճակ։

WikiLeaks-ը տվյալների այս բազան անվանել է «ԱՄՆ-ի դիվանագիտության հանրային գրադարան»։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Ջուլիան Ասանժը հայտարարել էր, որ «իրեն չեն վախեցնի», և խոստացել էր 2013թ․ հրապարակել մոտ միլիոն նոր փաստաթուղթ, որոնք կվերաբերեն «աշխարհի բոլոր երկրներին»։

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի շուրջ աղմկոտ սկանդալ ծագեց այն բանից հետո, երբ 2010թ․ կայքը հրապարակեց ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության գաղտնի փաստաթղթեր։ 2012թ․ հուլիսին Ասանժը քաղաքական ապաստան խնդրեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել Շվեդիային արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ, որոնք ինքը հերքում է։

Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիայից իրեն կարտահանձնեն ԱՄՆ-ին, որտեղ հնարավոր է՝ իրեն դատապարտեն ազատազրկման գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։

Մեկնաբանել