Լեհաստանում Հռոմի նախկին պապի արձանը հավակնում է դառնալ խոշորագույնն աշխարհում

Լեհաստանի հարավում գտնվող` կաթոլիկների սուրբ քաղաք Չենստոխովայում ավարտվում են Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդի արձանի տեղադրման աշխատանքները: Արձանը հավակնում է դառնալ խոշորագույնն աշխարհում:

Լեհ հովվապետի գիպսե արձանն ունի 14 մ բարձրություն: Հովհաննես Պողոս 2-րդը պատկերված է վեր բարձրացրած ձեռքերով՝ ժպիտը երեսին: Նախագծի հեղինակների կարծիքով՝ «սա մեծ մարդու մանրանկար է»:

Ներկայում Հռոմի նախկին պապի ամենամեծ արձանը գտնվում է Չիլիում, այն ունի 12 մ բարձրություն: Լեհերը սկզբնապես մտադիր էին կերտել 10 մետրանոց արձան, հետո որոշեցին «հաղթել» անդրօվկիանոսյան հավատացյալներին:

«Չգիտենք՝ կմտնի՞ մեր արձանը Գինեսի գրքի մեջ, թե՞ ոչ, ամեն ինչ կախված է հանձնաժողովից, սակայն մեր նախագծի մասին հաղորդագրություն արդեն ուղարկել ենք», – ասել է ակցիայի համակարգող Մարչին Վալասեկը:

Արձանի բացումը նախատեսված է ապրիլի 13-ին: