Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է մշակում. Hurriyet

Թուրքական Hurriyet թերթը ուշագրավ հոդված է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու վերաբերյալ հավանական նոր օրինագծի նախապատրաստման մասին: Հոդվածագիրը Hurriyet-ի փարիզյան թղթակից Արզու Չաքըր Մորինն է, որը, վկայակոչելով թերթին մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում է, թե նոր օրինագիծն ինչ տեսք է ունենալու:

Նախագահական քարոզարշավի ընթացքում Օլանդը խոստացել էր նոր օրինագիծ ներկայացնել, սակայն մեծ է հավանականությունը, որ Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչի:

Հիմք ընդունելով այդ աղբյուրները` թերթը գրում է, որ Ֆրանսիայի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը նոր միջանկյալ տարբերակ են գտել: Ըստ այդմ` Օլանդը փորձում է նոր օրինագիծը համապատասխանեցնել ցեղասպանությունների ժխտումը պատժող` Եվրամիության Շրջանակային կոնվենցիային: Hurriyet-ը գրում է, թե նոր օրինագծում չի լինելու Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, սակայն վերջինիս ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժվելու է:

Թերթը նաև կանխատեսում է, որ Ֆրանսիան 2013թ. ընդունելու է ԵՄ այդ որոշումը և օրինագծի մշակումից հետո ամենաուշը 2014թ. գարնանը ներկայացնելու է այն խորհրդարանին: Դրանով օրենքը չի խախտի խոսքի ազատությունը, և Սահամանադրական դատարանը չի կարող այն չեղյալ համարել: Օրենքը խախտողները կդատապարտվեն 1-3 տարի ազատազրկման: