Dasaran.am-ը հայտարարում է մրցույթ` «Նոր սերնդի դպրոց 2013»

Dasaran.am կրթական ծրագիրը` կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթ, որը նախատեսված է Dasaran.am կրթական ծրագրին միացած 757 դպրոցների համար, ասված է ծրագրի տարածած հաղորդագրությունում:

Մրցույթի անցկացման նպատակն է բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում Dasaran.am-ի տրամադրած էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:

Մրցույթում հաղթող կճանաչվեն այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը` հնարավորություն տալով աշակերտների ծնողներին Dasaran.am-ի միջոցով հետևել կրթական գործընթացին` դրանով իսկ նպաստելով իրենց երեխայի առաջադիմության բարձրացմանը:

Առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները կարժանանան բազմաթիվ մրցանակների, ընդ որում` լավագույնները կստանան համակարգիչներ անհրաժեշտ սարքավորումներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր` Dasaran.am կրթական ծրագրի և իր գործընկերների կողմից:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ և նույնքան ծնող, 757 տնօրեն և 28 631 ուսուցիչ:

Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը:

Մեկնաբանել