ԱԺ-ում կրկին թեժ մթնոլորտ է

Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի այսօրվա` ապրիլի 8-ի նիստը սկսվեց վիճաբանությամբ: Պատճառը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցն էր` ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե որտեղ է անցկացվելու ԱԺ ապրիլի 9-ի հատուկը նիստը և ովքեր են հրավիրված մասնակցելու:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ԱԺ նախորդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել երդմնակալության վայրի հետ կապված, իսկ հրավիրվածների ցանկին ծանոթանալու համար խորհուրդ տվեց դիմել աշխատակազմին: Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակման ընթացքում նորից ձայն խնդրեց և փորձեց հարց հնչեցնել, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հրահանգեց անջատել նրա խոսափողը՝ հայտարարելով, թե Փոստանջյանի ելույթը կապ չունի ԱԺ օրակարգի հետ: Այս ամենին միջամտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգի 57-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսում է բանավեճ:

«Պարո՛ն Շարմազանով, այստեղ մի բանավեճ կա, որն ինքներդ եք հրահրում: Ինձ համար անհասկանալի է, թե կանոնակարգի որ կետով եք դուք առաջնորդվում»,-ասաց Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահն էլ շարունակեց կրկնել, որ ինքն առաջնորդվում է ԱԺ կանոկարգով:

Վիճաբանությանն անմասն չմնաց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որը, դիմելով Շարմազանովին, վրդովված նշեց, որ վերջինս առանց լսելու խոսողին` անջատել է տալիս խոսափողը:

Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ինքը պատգամավորների ասածը հասկանալու համար կարիք չունի լսելու նրանց ասելիքը սկզբից մինչև վերջ: