Պիրատական կուսակցություն․ շեշտակի վերելք և անկում

Ռուսական «Օգոնյոկ» պարբերականը հետաքրքիր հոդված է ներկայացրել պիրատական կուսակցությունների մասին, որում նշվում է, որ «պիրատական» շարժումն առայժմ չի կարողանում համաշխարհային քաղաքականություն շարժվել «բոլոր առագաստները պարզած»։

«Պիրատական» քաղաքական շարժման պատմությունն աշխարհում սկիզբ առավ 2006թ․ հունվարի 1-ին, երբ Շվեդիայում պաշտոնապես գրանցվեց Պիրատական կուսակցությունը՝ Piratpartiet-ը։ Շվեդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ հեղինակային իրավունքի փոփոխման կողմնակիցները քաղաքական ներկայացուցչություն ստացան։ Այսօր պիրատական կուսակցություններ գործում են ավելի քան 40 պետությունում, մոտ 15 երկրում դրանք գրանցված են պաշտոնապես և մասնակցում են քաղաքական կյանքին։

Ինչևէ, պիրատական կուսակցությունների քաղաքական հաջողությունները բավական համեստ են։ Բացի Գերմանիայի պիրատներից՝ քաղաքականությունում առավել մեծ ձեռքբերումներով կարող են պարծենալ հիմնադիր հայրերը՝ շվեդները։ «Պիրատական» շարժման առավելագույն վերելքն արձանագրվեց 2009թ․, երբ Շվեդիայում դատական գործընթաց էր ընթանում աշխարհի խոշորագույն պիրատական տորենտ-թրեքերի՝ The Pirate Bay-ի ղեկավարության նկատմամբ։ Այդ ժամանակ մի քանի շաբաթվա ընթացքում Պիրատական կուսակցությանն անդամագրվեց ավելի քան 30 հազ․ մարդ, և մինչև տարվա վերջ այն դարձավ թվաքանակով երրորդ կուսակցությունը երկրում։ Նույն ժամանակահատվածին են վրեագրվում նաև կուսակցության ընտրազանգվածային գլխավոր հաջողությունները․ Եվրախորհրդարանի՝ 2009թ․ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում շվեդ «պիրատները» ստացան ձայների 7,1%-ը և Եվրամիության օրենսդիր մարմին պատվիրակեցին երկու մարդու։

Սրընթաց վերելքին հետևեց ոչ պակաս սրընթաց անկում։ 2012թ․ երկրի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացավ 1%-ից պակաս ձայն, և Ռիկսդագ չանցավ։ Այսօր Piratpartiet-ի շարքերը շեշտակիորեն նոսրանում են։ 2012թ․ ապրիլին գրանցված անդամների թիվը ընդամենը 8300 է եղել, ինչը երկու անգամ քիչ է՝ մեկ տարի առաջվա համեմատ, և նրա ժողովրդականության գագաթնակետի շրջանի առավելագույն կազմի ընդամենը 1/5-րդն է։

Ըստ ամենայնի՝ պիրատական քաղաքական ձեռքներումների համեստությունը բացատրվում է այն բանով, որ նրանց ընտրազանգվածի հիմքը սովորաբար կազմում են 16-25 տարեկան երիտասարդները, որոնք թեև ոգևորությամբ են վերաբերվում քաղաքականության ձանձրալի աշխարհը «պայթեցնող» «պիրատական» բոլոր ստեղծարարական նախաձեռնություններին, սակայն ընտրատեղամաս հասնում են բավական հազվադեպ։ Բացի այդ՝ երեխաներն արագ են մեծանում, իսկ «մեծական» խնդիրների լուծման համար կառուցողական որևէ բան առաջարկել «պիրատներն» առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում։