ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր է եկել Femen ակտիվիստուհիների «մերկ» ակցիան Հանովերի տոնավաճառում: Աղջիկների մեջքին գրված էին հայհոյական արտահայտություններ Պուտինի հասցեին:
Ակցիայից հետո Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսում պատասխանել են մի շարք հարցերի, որոնց թվում նաև ֆեմինիստուհիների արարքի մասին հարցն էր:
«Մենք ազատ երկիր ենք, կարելի է ամեն ինչ ցույց տալ, սակայն` հետևելով կանոններին: Ակցիայի անցկացման մասին հայտ չէր ներկայացվել», – մեկնաբանել է Մերկելը:
Մինչդեռ Պուտինն ավելի աշխույժ է արձագանքել. «Ինձ դուր եկավ ակցիան, մենք տեղյակ էինք դրա նախապատրաստության մասին: Շնորհակալություն ուկրաինացի աղջիկներին տոնավաճառը գովազդելու համար: Լավ չլսեցի՝ ինչ էին գոռում, նույնիսկ չտեսա՝ շիկահե՞ր էին, թե՞ սևահեր: Քաղաքականության մասին ավելի լավ է հագնված բանավիճել, իսկ մերկանալ կարելի է նուդիստական լողափերում: Ինչ վերաբերվում է թիկնապահներին՝ կարող էին ավելի մեղմ վարվել»:
Հանովերի տոնավաճառի թ․16 տաղավարում, երբ Պուտինն ու Մերկելը մոտեցել են Volkswagen-ի վահանակին, մի քանի աղջիկ լրագրողների խմբից դուրս են եկել և մերկացել մինչև գոտկատեղը: Հայհոյանքները գրված էին անգլերեն, սակայն երբ աղջիկներին գցել են հատակին, նրանք ռուսերեն անվայել բառեր են գոռացել Պուտինի հասցեին՝ խնդրելով չսպանել իրենց: