ՏՄՊՊՀ նախագահը` Carrefour-ի մասին

Ազգային ժողովի այսօրվա` ապրիլի 8-ի նիստում շարունակվեց Տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013թ. տարեկան գործունեության ծրագրի զեկուցումը: Զեկուցողին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց ուղղեց, թե արդյոք հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչու սովորական դարձած մի խնդիր, խոշոր առևտրային ցանցի՝ ֆրանսիական Carrefour սուպերմարկետի մուտքը Հայաստան այդքան մեծ հասարակական հնչեղություն ստացավ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հարցերեց, թե ինչու հանձնաժողովն անձամբ չի դիմել Carrefour-ին, նամակ գրել, զանգել, Ֆեյսբուքի կամ Թվիթերի էջերով հետաքրքվել, թե ինչու է հետաձգվում մուտքը:

Ի պատասխան այս հարցադրումների` Արտակ Շաբոյանն ասաց, որ իրենք Carrefour-ի հետ կապված տեղեկատվությանը տիրապետում են այնքան, որքան կա լրատվամիջոցներում: Նա հավելեց, որ իրենք Carrefour-ի ներկայացուցիչներին հրավիրել են հանձաժողով, սակայն այս պահի դրությամբ արձագանք չեն ստացել:

«Բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձել ենք Carrefour-ի ներկայացուցիչներին կանչել, հրավիրել քննարկման, որպեսզի առարկայական ուսումնասիրություններ իրականացնենք: Carrefour-ն այն ընկերությունն է, որ կաշկանդված չէ և հանգիստ կարող է գալ ու իր խնդիրները ներկայացնել: Մենք բազմիցս հայտարարել ենք դրա մասին, և եթե ընկերությունը գա քննարկման, մենք պատրաստ ենք հրապարակային քննարկումներ կազմակերպել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Մեկնաբանել