Շաքարավազի գները հնարավոր ցածր մակարդակի վրա են. Ա. Շաբոյան

Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի այսօրվա` ապրիլի 8-ի նիստում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնաժողովի 2013թ. տարեկան գործունեության ծրագրի զեկույցը ներկայացնելիս հարցրեց, թե ինչու է Հայաստանում շաքարավազի շուկան մենաշնորհային և միայն մեկ ընկերություն զբաղեցնում շուկայի 99%-ը:

ՏՄՊՊՀ նախագահը, պատասխանելով հարցին, ասաց, որ շաքարավազի շուկայում կան մի քանի այլ տնտեսվարողներ, այդ թվում` «Գրանդ Քենդին», «Կոկա Կոլան», այնուհետ հավելեց, որ ՀՀ օրենքով չի արգելվում գերիշխող դիրք ունենալը:

«Շաքարավազի ներմուծմամբ զբաղվում են նաև հինգ այլ ընկերություններ, իսկ թե ինչու է շուկայում խոշոր դիրք զբաղեցնում միայն «Ալեքս Գրիգ» ընկերությունը, դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի: Շուկայում շաքարավազի առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը: Սահմանափակ պահանջարկի պայմաններում չեմ պատկերացնում, որ կգտնվի երկրորդ մի ընկերություն, որը մեծ ներդրումներ կիրականացնի և կհասնի հաջողության»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն ուսումնասիրել է շաքարավազի գները և կարող են փաստել, որ դրանք գտնվում են հնարավոր ցածր մակարդակի վրա:

Այս հայտարարությանը Փաշինյանը հակադարձեց` նշելով, որ հյութի շուկան ավելի սահմանափակ պահանջարկ ունի, սակայն գործում են 56 ընկերություններ:

Մեկնաբանել