Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ

Դամասկոսի կենտրոնում այսօր՝ ապրիլի 8-ին, պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր տասը զոհի մասին։

Ավելի քան 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

Պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի Կենտրոնական բանկից և մայրաքաղաքային դպրոցներից մեկից ոչ հեռու։ Պետական հեռուստաալիքով ցուցադրված կադրերում տեսանելի են լուրջ ավերածություններ․ մի քանի ավտոմեքենա այրվել է, որոշ շինություններում հրդեհ է բռնկվել։

Համաձայն ֆրանսիական լրատվամիջոցների՝ պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են Դամասկոսում AFP-ի բյուրոյի պատուհանները։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։

Մեկնաբանել