Հայաստանում պակասում է արդար դատական իրավունքի համակարգը. օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում ներկայացրեց 2012թ. ՄԻՊ տարեկան զեկույցը: Մինչ բուն զեկույցը ներկայացնելը` Անդրեասյանն ասաց, որ ինչպես արդեն նշել է, Հայաստանում հիմնական խնդիրը մնում է հացի և արդարադատության խնդիրը: Նա անդրադարձավ մի շարք գերատեսչությունների աշխատանքին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդիրների թվում օմբուդսմենը նշեց թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հայտնաբերման խնդիրը: Առողջապահության նախարարության գործունեության հետ կապված խնդիրներից մեկը 0-7 տարեկան երեխաներին նորագույն տեխնոլոգիաներով բուժօգնություն ցուցաբերելու խնդիրն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մասով Անդրեասյանը մատնանշեց, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել բնակիչների շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու համար:

Խոսելով արդարադատության նախարարության գործունեության մասին` նա նշեց, որ իրենք բազմիցս դիմել են արդարադատության նախարարին` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և ներկայացրել են համապատասխան խախտումների մասին ապացույցներ:

«Մենք տեսնում ենք այդ խախտումները, բայց իրենք չեն տեսնում, և դա է պատճառը, որ մեր երկրում պակասում է արդար դատական իրավունքի համակարգը»,- ասաց օմբուդսմենը:

Խոսելով քրեակատարողական հիմնարկների բացթողումների մասին` Անդրեասյանը նշեց, որ խախտումներ կան տեսակցությունների տրամադրման, երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության հետ կապված: Ըստ նրա՝ խնդիրներ կան նաև կալանավորներին տրամադրվող սննդի որակի և քանակի հետ կապված:

Անդրեասյանը նշեց, որ իրենք ավելի խորքային տվյալներ և ապացույցներ ունեն, սակայն ժամանակի սղության պատճառով ինքը ներկայացնում է միայն հիմնականները: