Ֆրանսիացի նախարարները բացահայտում են ունեցվածքի մասին տեղեկատվությունը

Ֆրանսիացի նախարարները սկսել են հրապարակել իրենց ունեցվածքի մասին տեղեկատվությունը, ինչը կարող է պարտադիր դառնալ կառավարության բոլոր անդամների համար բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակի շուրջ ծագած սկանդալից հետո, որը թաքցրել էր արտասահմանյան բանկային հաշվի առկայությունը, հաղորդում է AFP-ն։

Առաջինը տեղեկատվություն է հրապարկել հաշմանդամների հարցերով նախարար-պատվիրակ Մարի Առլետ Կառլոտին։ Նա ինքնակամ որոշել է իր պաշտոնական բլոգում տեղեկատվություն տեղադրել իր ակտիվների մասին, քանի որ կարծում է, որ մի նախարարի զանցանքը չպետք է ստվեր գցի նրա նախկին բոլոր գործընկերների վրա։ Համաձայն տեղեկատվության՝ Կառլոտին ունի 130 քմ մակերեսով բնակարան Մարսելում, 60 քմ մակերեսով բնակարան Կորսիկա կղզում և 120 քմ մակերեսով տուն Էրո դեպարտամենտում՝ ընդհանուր €565 հազ-ի։

Նա ունի նաև բանկային հինգ հաշիվ՝ ընդհանուր €23 հազ-ի, ապահովագրություն՝ €40 հազ-ի և բաժնետոմսեր՝ €2,5 հազ-ի։ Կառլոտին ունի երկու ավտոմեքենա՝ 2010թ․ €5 հազ-ով ձեռք բերված Smart և արդեն ոչ նոր Toyota 8cv՝ մոտ €3 հազ․ արժողությամբ։

Կայուզակի գործը ուշադրություն հրավիրեց Ֆրանսիայում կոռուպցիայի և հարկերի վճարումից խուսափելու թեմայի նկատմամբ։ Նախարարի նկատմամբ հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական Mediapart տեղեկատվական պորտալը տեղեկացրեց, որ նա գաղտնի հաշիվ է ունեցել շվեյցարական UBS բանկում, որից միջոցները հետագայում տեղափոխվել են Սինգապուր։ Նախարարը հրաժարական ներկայացրեց մարտի 19-ին։

Նախկինում իր ելույթներում և հարցազրույցների ժամանակ Կայուզակը մշտապես հերքում էր արտասահմանում հաշվի առկայությունը, սակայն ապրիլի սկզբին սեփական նախաձեռնությամբ հանդիպեց իր գործով քննիչներին և խոստովանեց, որ արտասհմանյան հաշիվ ունի։ Նրան առաջադրվեցին հարկերի վճարումից խուսափելու պաշտոնական մեղադրանքներ։ Կայուզակը հայտարարեց, որ մոտ €600 հազ-ով հաշիվը 2001-ից ի վեր չի ավելացել։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանության մարմիններում թափանցիկության և պարզության ապահովմանն ուղղված միջոցառումներից մեկը կդառնա ունեցվածքի մասին տեղեկատվության պարտադիր հրապարակումը։